«Սուպերերեքշաբթին» ամրապնդեց Քլինթոնի և Թրամփի դիրքերը ...
2016-03-02 00:47:00

Դեմոկրատ Հիլարի Քլինթոնը և հանրապետական Դոնալդ Թրամփը «սուպերերեքշաբթիի» արդյունքներով ամրացրել են դիրքերը իրենց կուսակցությունների կողմից ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու համար պայքարում:

Երեքշաբթի օրը ներկուսակցական ընտրություններ են կայացել միաժամանակ 11 նահանգներում, իսկ դեմոկրատները նաև «կոկուս» (քաղաքական կուսակցության համակիրների և անդամների հավաք) են անցկացրել Ամերիկյան Սամոայում, ինչը կուսակցական ակտիվիստների ամենազանգվածային կամարտահայտությունն է եղել այս քարոզարշավի ընթացքում:

Միլիարդատեր Դոնալդ Թրամփն առաջին տեղն է գրավել Ալաբամա, Ջորջիա, Մասաչուսեթս, Թենեսի, Վիրջինիա, Արկանզաս և Վերմոնտ նահանգներում:

Նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հաղթել է Ալաբամա, Ջորջիա, Թենեսի, Վիրջինիա, Արկանզաս, Թեքսաս և Մասաչուսեթ նահանգներում, ինչպես նաև Ամերիկյան Սամոայում:

Քլինթոնի մրցակիցը դեմոկրատների կողմից՝ Բեռնի Սանդերսը, հաղթել է Վերմոնտ նահանգում, որը նա ներկայացնում է սենատում, ինչպես նաև Օկլահոմայում, Մինեսոտայում և Կոլորադոյում:

Հանրապետականներից Թրամփի մրցակից Թեդ Քրուզը հաղթել է Թեքսասում և Օկլահոմայում, իսկ Մարկո Ռուբիոն՝ Մինեսոտայում: Փոխանցում է BBC-ն:
Այս նյութը դիտել են - 1508 անգամ