«Ինձ անբավարար նշանակե՛ք»...
2016-03-01 21:57:00
6-րդ  դասարանում եմ,  դեռ  դասամատյանը սեղանին չդրած` աշակերտուհիներից մեկը   օրագիրը   իմ առջև`  սեղանին  դրեց:    Անուշադրության մատնեցի,  երևի  ուզում է, որ իրեն դաս հարցնեմ, բայց   մի   քանի րոպե  անց նա  կանգնում է:  Իմ հարցումին,  թե ինչու  է կանգնել,  նա անվարան պատասխանում է.  «Ինձ  անբավարար  նշանակե՛ք», ապա զարմացած հայացքս նկատելով` ավելացնում է. «Ես  այսօր Գոռին վիրավորել եմ, այն էլ` այդ բառերը  գրել եմ, իսկ նա կարդացել է»:   
 
 Կարապետյան  Արմինե    

 Գոռը  դասարանի փոքրահասակն  է, մի սիրուն անմեղություն, որի դասերին անպատրաստ   ներկայանալը  երբեմն անտեսում եմ, որ հաճախակի  մասնակցում է  ընբշամարտի մրցումների,  ու  քանի~-քանի հաղթանակներ  է բերել  մեզ համար:  Հայացքս ուղղում եմ  Գոռին, նա շատ հնազանդ,   կամացուկ ձայնով, մի քիչ խեղճացած, մանրիկ մի ժպիտ  դեմքին  խաղացնելով`  նայում է ինձ  ու    խոսում   կամաց. «Ես չեմ բողոքում  ասված, մոռացված  բառերի համար, որ ինձ  էր  ուղղել... »:  Իսկ այն «անկարգը»  նորից  է պնդում. «Իմ վարքն  անբավարար նշանակե՛ք, տիկի՛ն  Պողոսյան...»:  Ու  ես բացում եմ օրագիրը, բոլորի հայացքներն   ուղղված  են   ձեռքիս:   Տեսնես գրիչը զորեղ  կլինի,  որ  կարողանա  ինձ  համոզել, որպեսզի  իմ զղջացող  աշակերտուհու  վարքն անբավարար նշանակեմ:  Հասկանում էի, որ դրանով թերևս  իմ աշակերտուհու  հոգին մի փոքր  գուցե  կթեթևանար, բայց նորից փակում եմ  օրագիրը, ուշադիր նայում նրանց  հայացքներին:   

Գրիգորյան Գոռ

 Իմ փոքրիկ ընբշամարտիկը ժպտում էր ուրախ, այն փոխանցվեց մյուսներին, նայում եմ իմ աշակերտուհուն, ապա հարցնում. «Կարո՞ղ ես մի նկար ուղարկել ինձ», զարմացած հարցնում է` բայց ինչու՞ համար, իսկ ես ժպտում եմ ու մի պահ ասում` հետո կտեսնես...                                                                                                                                

Հուսով  եմ հիմա, որ   իմ աշակերտուհին  կտեսնի իրեն  ու  չի զարմանա,  որ մի օր այսպես  «հայտնի»  էլ  դարձավ:

Նատաշա Պողոսյան
Արցախի վաստակավոր մանկավարժ
 
Այս նյութը դիտել են - 1796 անգամ