Սիրիահայերը Հայաստանից մեկնում են Կանադա ավելի լավ ապագայի հույսով. սիրիահայ համայնքի ներկայացուցիչ...
2016-03-01 13:41:00

Սիրիայում արդեն 5 տարի շարունակվող հակամարտության պատճառով Հայաստանում ապաստանած սիրիահայերը վերջին մի քանի ամսվա ընթացքում լքում են Հայաստանը եւ մեկնում Կանադա:

Այս մասին  News.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում սիրիահայ համայնքի ներկայացուցիչ Խաչիկ Ջոզիկյանը՝ նշելով, որ սիրիահայերը տարբեր պատճառներով են լքում Հայաստանը՝ հույսով, որ այնտեղ ավելի բարեկեցիկ ապագա կունենան:

Խաչիկ Ջոզիկյանի խոսքով, Հայաստանը լքող սիրիահայերի թիվն այնքան էլ մեծ չէ, նրանցից շատերը իրենց ապագան հայրենիքում են տեսնում, հասկանում են, որ իրենց համար Հայաստանն ամենապահով վայրն է:

«Սկսել են գնալ Կանադա, անգամ Լիբանանից ու Սիրիայից էլ են գնում Կանադա: Ինչ-որ առավելություններ են տրվում սիրիացիներին այնտեղ, դրա համար էլ գնում են: Թե կոնկրետ Հայաստանից ինչ պատճառներով են գնում, չեմ կարող ասել, ամեն մեկն իր խնդիրներն ու պատճառները ունի, սակայն, պետք է հասկանանք, որ ամենաապահով վայրը բոլորիս համար մեր հայրենիքն է, դրա համար էլ այսօր 10 հազարեն ավելի սիրիահայ կա Հայաստանում: 

Կանադայում թե ինչ հեռանկար կա, կգնան այնտեղ կտեսնեն, կհասկանան երեւի: Պիտի ասեմ, որ շատերը իրենց ապագան ապահով հայրենիքում են պատկերացնում եւ գնացողները շատ չեն»,-ասաց Ջոզիկյանը:

 

news.am

Այս նյութը դիտել են - 1376 անգամ