Ճշմարիտյանը ճշմարիտ չէր, ինչպես որ չէր եղել իր պաշտոնավարման ողջ ընթացքում...
2016-03-01 01:36:00

Ընդամենը երկու շաբաթ առաջ, երբ արդեն նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը կառավարության նիստում զեկուցում էր էկոնոմիկայի առանձին ճյուղերի նվաճումների մասին, հաճույքով ընդգծում էր, որ անցած տարի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համար հաջող տարի է եղել. ոլորտում ակտիվ աշխատում են ավելի քան 450 ընկերություններ, մոտ 13000 մասնագետներ, ոլորտի ընդհանուր շրջանառությունը կազմում է շուրջ 550 մլն ԱՄՆ դոլար, աճը կազմել է ավելի քան 17%:


Ճշմարիտյանն այս մասին ասաց ու գնաց: Նրանից հետո եկավ Ազգային վիճակագրական ծառայությունն (ԱՎԾ) ու հրապարակեց ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակի 2016-ի հունվարի ցուցանիշները: Եվ հենց հրապարակեց, անմիջապես պարզ դարձավ, որ Ճշմարիտյանը ճշմարիտ չէր, ինչպես որ չէր եղել իր պաշտոնավարման ողջ ընթացքում: ԱՎԾ-ն սրտի ցավով արձանագրեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների արտադրության ոլորտը, որի մասին խոսում էին այդքան ոգևորված, այս տարվա հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ անկում է գրանցել 55.9%-ով:


Սա գրեթե աղետին համարժեք ցուցանիշ է ու դեռ հատնի չէ, թե հաջորդ ամիսների համար անկումն ինչպիսի ծավալներ կընդունի: Օրինակ, տնտեսագետ Արտակ Մանուկյանին նման տոկոսները ստիպեցին ցավով նկատել. «Մենք պետբյուջեից մեծ գումարներ ենք հատկացնում Գյումրու տեխնոպարկի համար, որը ենթադրում է, որ նմանատիպ ընկերությունները պետք է աշխատեն, աճ ապահովեն, սակայն այս ֆոնին 55.9% անկում է գրանցվում: Այսինքն` այն ոլորտները, որոնք հայտարարվել են գերակա ճյուղ, մեծ հաշվով, չունեն մրցունակություն»:


Տնտեսագետը, հավանաբար, այդ պահին հիշել էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին ու նրա Նյու-Վասյուկին՝ սիլիկոնյան հովիտները հայոց լեռնաշխարհում: Հիմա ամպերի մեջ կառուցված այդ հեքիաթային աշխարհը փլուզվում է և ոչ ոք չի զարմանում, թե ինչու կործանվեց այն դրախտը, որտեղ օֆշոր Տիկոն իրեն աստված էր կարծում: Կեղծ աստվածները երկար չեն ապրում:

shame.am

Այս նյութը դիտել են - 1185 անգամ