ԵՍ ԵՐԵԿ ԱՆԿԱՐԳ ԷԻ, ԴԱՍՂԵԿՍ ԲԱՐԿԱՑԱՎ, ԵՍ ԱՅՍՕՐ ԾԱՂԻԿՆԵՐ ՆՎԻՐԵՑԻ ՆՐԱՆ ...
2016-02-28 04:36:00
                                                                                                                                         Մանուկյան Արմինե, 6-րդ դասարան 

 Ուսուցիչներից մեկը դժգոհեց, որ իմ դասղեկական դասարանի աշակերտուհիներից մեկը խանգարել է իր դասը, դիտողություններն անգամ չեն օգնել նրան:

Ես առաջարկում եմ` միասին մտնենք դասարան, պարզենք, թե ինչու է խանգարել դասը: Նա չէր ուզում, իսկ ես պնդում եմ, և մեր ուսուցչի ներկայությամբ պատժում եմ այս դեռահասին: Սաստող մի քանի խոսքեր, վարքի անբավարար գնահատական, վերջին նստարան, որտեղ այս փոքրահասակը հազիվ էր երևում: Զգացի, որ նա էլ զարմացած է, պատիժը խիստ թվաց նրան: Իսկ ես հանգիստ եմ, գուցե նաև զայրացած, բայց արտաքուստ հանդարտ եմ ինձ պահում: 


Այդ օրն անհանգիստ էի, խոհերիս շղթայում` մի վերջին նստարան էր, մի փոքրիկ աղջիկ, որ դաս էր խանգարել: Բայց հետո զարմանում եմ, երբ իմ հաջորդ օրվա դասաժամին երկար ցողուններով, կարմիր ժապավենով կապած, երեք վարդ ձեռքին` մոտեցավ ինձ:
Ժպիտ կար դեմքին, քողարկված թախիծ, իսկ ես զարմանքից նայում եմ նրան, բայց հիշում մի վերջին նստարան: 
Մի ամբողջ դասարան խնդրում է ինձ, որ տեղափոխեմ այս փոքրահասակ աղջկան: Նայում եմ վարդերին, և հետո հենց իրեն, որ վերջին նստարանին նա գլխահակ ինչ-որ բան էր գրում... Կարդում եմ տողերը այս փոքրիկ աղջկա, մի փոքր կցկտուր, բայց անկեղծություն կար այնտեղ: «Ես  երեկ անկարգ էի, դասղեկս բարկացավ,  իսկ այսօր    խելոք  եմ,  ծաղիկներ եմ նվիրել   նրան»:      

Նայում եմ վարդերին, ժպտում են ինձ, նայում եմ աղջկան, ուրախ է նորից, նա արդեն վերջին նստարանին չէր նստած:
 
Նատաշա Պողոսյան 
Արցախի վաստակավոր մանկավարժ
 
Այս նյութը դիտել են - 1798 անգամ