Րաֆֆի Հովհաննիսյանն «ախորժակ» ունի Սերժ Սարգսյանին «ճամփա դնելու» /Bye - Bye/
2015-12-05 06:06:00

Դեկտեմբերի 7-ը ոչ միայն երկրաշարժի տարելիցն է լինելու, այլ Հայաստանի Հանրապետության հարության օրը, Ազատության հրապարակում «Նոր Հայաստանի» հանրահավաքում հայտարարեց Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

 Նա նշեց, որ դեկտեմբերի 6-ին՝ նոր Հայաստանի հռչակման նախաշեմին յուրաքանչյուր հայ ինքն է որոշելու, թե ինչպես է ասելու՝ «ցտեսություն հանրաքվե, ցտեսություն ապօրինի ռեժիմ և պարոն Սարգսյան»:«Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 20:00-ից սկսած կորոշենք, թե հաջորդ արշալույսն ինչպես է գալու: Ընտրությունը մեր ձեռքում է, ճիշտ որոշեք: Մենք պիտի ունենանք մեզ պատկանող պետություն, այդ իշխանությունը ձևավորվում է Ազատության հրապարակում դեկտեմբերի 6-ին՝  ժամը 20:00-ից սկսած»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

 Նա կոչ արեց, որ եթե լցնեն հրապարակն ու կանգնեն այնքան, որքան պետք է, հաջորդ օրը Սերժ Սարգսյանը «ճամփա է ընկնում»:

 Ընդդիմության միասնական շտաբի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանն էլ հայտարարեց, որ ամսի 6-ը վճռորոշ օր է լինելու Հայաստանի համար: Նա մարզերի հասարակությանը, ուսանողությանը կոչ արեց՝ եկել է լրջանալու ու համախմբվելու օրը:

 «Կիրակի օրը՝ ժամը 20:00-ից այս հրապարակը պետք է լցվի, մինչև 23:00-ն այս հրապարակը պետք է լեփ լեցուն լինի: Մենք չենք ուզում հարյուր հազարավոր մասսաներ, շատ ավելի քիչ թվով, բայց անպայման ժողովրդով»,- ասաց նա՝ հավելելով, որ ինքը Րաֆֆի Հովհաննիսյանի հետ պատրաստ է ամեն գնով արմատական, վճռական ու պատասխանատու քայլերի գնալու, սակայն ժողովուրդը պետք է մասնակից լինի:

 Նա նշեց, որ սա ժողովրդի միջոցով փոփոխություն իրականացնելու վերջին առիթն է:

Նյութի աղբյուրը՝ 

Այս նյութը դիտել են - 1629 անգամ