armlur.ՔՊ-ի ներսում սպասում են Փաշինյանի կադրային որոշումներին. նա ժամկետներ է խոստացել
2026-06-21 23:00:00
Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո իշխանական համակարգում ձևավորվել է յուրատեսակ սպասողական մթնոլորտ։ Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակային հայտարարում է, թե կառավարությունում և պետական կառավարման համակարգում լայնածավալ փոփոխություններ չեն նախատեսվում, իշխանական շրջանակներում արդեն ակտիվ քննարկումներ են ընթանում ապագա պաշտոնների, պատասխանատվությունների և քաղաքական դերաբաշխման շուրջ։
«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետը թիմակիցներին հայտնել է, որ կադրային և քաղաքական նշանակումների հարցերին կանդրադառնան հուլիս ամսին նախատեսված ՔՊ վարչության նիստերի ընթացքում։ Մինչ այդ, ըստ մեր տեղեկությունների, իշխանությունը մտադիր է ավարտին հասցնել մի շարք առաջնահերթ քաղաքական և տնտեսական գործընթացներ։
Նախ՝ դեռևս փակված չէ ընտրությունների արդյունքների շուրջ իրավական գործընթացը։ Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ ՀՀ Սահմանադրական դատարանը 2026 թվականի հունիսի 21-ի աշխատակարգային նիստում քննության է ընդունել մի շարք քաղաքական ուժերի դիմումները՝ կապված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից Ազգային ժողովի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներն ամփոփող որոշման հետ։
Դիմումները ներկայացրել են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Միասնության թևեր» կուսակցությունը, «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը», «Հայաստան» կուսակցությունների դաշինքը և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը։
Քանի որ բոլոր դիմումները վերաբերում են նույն իրավական հարցին, Սահմանադրական դատարանը դրանք միավորել է մեկ վարույթում։ Գործի քննությունը նշանակված է հունիսի 26-ին՝ ժամը 11:00-ին, բանավոր ընթացակարգով։ Զեկուցող դատավոր է նշանակվել Էդգար Շաթիրյանը։
Մեր աղբյուրների պնդմամբ՝ իշխանությունը չի ցանկանում մինչ այդ որևէ լուրջ կադրային որոշում հրապարակայնացնել՝ նախընտրելով սպասել ՍԴ վերջնական դիրքորոշմանը և քաղաքական գործընթացների ամբողջական հանգուցալուծմանը։
Մյուս կողմից՝ իշխանության ուշադրության կենտրոնում են նաև տնտեսական խնդիրները։ Արտահանման ռուսական շուկաներում առաջացած սահմանափակումների և բարդությունների ֆոնին տնտեսության մի շարք ճյուղերում իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ։ Թեև եվրոպական ուղղությամբ տարբեր ծրագրերով ֆինանսական աջակցություն է տրամադրվում՝ արտաքին տնտեսական ճնշումները մեղմելու նպատակով, այնուամենայնիվ այդ միջոցները դեռևս չեն լուծում առկա համակարգային խնդիրները։
Մասնավորապես, արտադրողների շրջանում դժգոհություններն աճում են։ Շատերի արտադրանքը մնացել է պահեստներում, իրացման ամենախսշոր՝ ռուսական շուկաները կրճատվել են, իսկ նոր գնորդների որոնումը դեռևս շոշափելի արդյունք չի տվել։
Տնտեսական բլոկում, իրավիճակը Կառավարությունում գնահատում են որպես զգայուն, իսկ որոշ ոլորտներում՝ նույնիսկ պայթյունավտանգ։
Այս նյութը դիտել են - 95 անգամ