«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
2026-03-05 16:15:00
Վերջին սոցհարցումները փաստում են, որ ընդդիմադիր դաշտի թիվ մեկ ուժն այսօր դարձել է «Ուժեղ Հայաստանը»՝ չնայած այն հանգամանքին, որ այն բավական երիտասարդ քաղաքական ուժ է, իսկ դրա համակարգող Նարեկ Կարապետյանը փաստացի երբեք քաղաքականությամբ չի զբաղվել։ Այս իմաստով սա, թերևս, իսկական ֆենոմեն է: Այս քաղաքական ուժի հաջողությունը պայմանավորել բացառապես իշխանությունների հակառեյտինգով պարզապես անհնար է։
 Բանն այն է, որ Հայաստանի քաղաքական դաշտում տիրող այսպես կոչված նախկինների և ներկաների պայքարը, որտեղ ընտրողը հաճախ ստիպված է լինում ընտրություն կատարել վատի և վատթարագույնի միջև, հոգնեցրել է հանրությանը։ 
Երրորդ ուժի կարիքը քաղաքական դաշտը վաղուց էր զգում, քանի որ շատերը փնտրում են այլընտրանք ոչ միայն իշխանությանը, այլև ավանդական ընդդիմությանը։ Ավելին՝ այս պարագայում թե՛ Նարեկ Կարապետյանի, թե՛ նրա հետևում կանգնած բարերար Սամվել Կարապետյանի քաղաքական անցյալ չունենալը ոչ թե թերություն դարձավ, այլ վերածվեց մրցակցային առավելության։ Նրանք չունեն քաղաքական վատ ժառանգություն, ոչ էլ՝ շռայլած, բայց կյանքի չկոչված խոստումներ, ինչը մեծ առավելություն է՝ հաշվի առնելով հայաստանյան ներքաղաքական իրողությունները։
Բացի այս ամենից, կա նաև մեկ այլ հանգամանք, որը զգալիորեն մեծացնում է այս ուժի գրավչությունը։ Դա նախևառաջ ամուր, ներքին համերաշխությամբ աչքի ընկնող թիմն է։ Մի պայմաններում, երբ որոշ քաղաքական ուժեր աչքի են ընկել ներքին միսկրծոցներով ու քաոտիկ պահվածքով՝ հաճախ բաղկացած լինելով ինքնակոչ կամ վարկաբեկված դեմքերից, այս ուժը ոչ միայն նման խնդիր չունի, այլև շատ առումներով շահեկանորեն տարբերվում է անգամ քաղաքական դաշտի հնաբնակներից։ Սա հավատ և վստահություն է ներշնչում, որ այստեղ հավաքվածները ոչ թե պատեհապաշտներ են՝ ընդամենը անձնական խնդիրներ լուծող, այլ հայրենիքի սիրով միավորված անհատներ, որոնք ունեն երկիրը ճահճից դուրս բերելու հստակ ծրագիր։
Այսպիսով, «Ուժեղ Հայաստանի» վերելքը վկայում է ընդդիմադիր դաշտի որակական զարգացման մասին, ինչը միայն ողջունելի է։ Սպասվող ընտրությունները կդառնան նոր իրականության կենսունակության գլխավոր ստուգատեսը, որտեղ հաջողության իրական գրավականը կլինի նախևառաջ ծրագրային դրույթների գործնական իրացման ներուժը և դրա նկատմամբ հանրային վստահությունը։
Այս նյութը դիտել են - 158 անգամ