Երեկ լուռ էի, այսօր մի քանի խոսք...
2026-01-27 22:21:00
Հայաստանի համար վահան էր Արցախը, թիկունք, բայց հայոց երկրի պաշտպանության համար հազարավոր զոհեր և ընտրված մի օր` հունվարի 27, որ, ընդհանրապես, կապ չուներ հայ ժողովրդի հավաքական կերպարի, նրա մղած պայքարի հետ։
Որքան էլ Արցախը «փշե պսակով» պատեն ու ցանկանան խուսափել այդ սրբացված անվան գործածությունից, որի համար այնքան զոհեր ենք տվել, միևնույն է, Արցախը ապրելու է մեր սրտերում, մեր վառած մոմերի առկայծումներում, մեր աղոթքներում, մեր հիշողություններում, ամենուր և առհավետ։
Զոհվածների հիշատակի մասին խոսել` «Արցախից» խույս տալով, մեկ այլ «ուժից» կախվածություն ունենալու, վախկոտության նշան է։ Ու ինքնիրեն անուններ են ծնվում Արցախի կողքին` Անի, Վան, Կարս...Արևմտյան Հայաստանի, Ցեղասպանության մասին խոսույթ, որ վաղուց «իրական» Հայաստանով ապրողների կողմից մոռացության տալու ընթացքի մեջ է։
Հավե՜րժ փառք ու խոնարհում մեր բոլոր ժամանակների զոհվածներին, ովքեր չտարանջատեցին Հայաստանն ու Արցախը, հին ու նոր հայրենիքը, իրական ու պատմական հայոց երկիրը... Նրանք հավատարիմ մնացին ազգային արժեքներին, մեր պատմությանը, մեր հավատքին, դարավոր մշակույթին` իրենց անունները հավերժացնելով երկնային անդաստանում, բայց իրենց ներկայությամբ միշտ մեր կողքին, մեր սրտերում։
Շնորհավորում եմ Հայոց բանակի օրը, հայրենիքի սահմաններն ամուր պահող նվիրյալների, մեր բոլորիս տոնը, ցանկանում ունենալ հզոր, անկոտրում հայկական բանակ, կայուն ու հարատև խաղաղություն։
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 92 անգամ