ՀՀԿ-ՀՅԴ պատմությունը, Գասպարիի ծեծը, Սարոյի մեքենան, Արփինեի ամուսնությունը, Ավետի ու Ջիգարխանյանի կանայք...
2016-02-25 20:26:00

 Օրվա մեկնարկը տրվեց երեկվա կոալիցիոն համաձայնագրի շարունակությամբ, համացանցը հեղեղվեց զանազան նորություններով՝ կապված նախարարական պորտֆելների, արված ու չարված գործերի, աշխատանքից ազատված մարզպետների ու ՀՀԿ-ՀՅԴ այլ անելիքների մասին հրապարակումներով:

Այս ամենը փոքր-ինչ մոռացվեց կեսօրից հետո ֆեյսբուքյան բոլոր խմբերում ու ակտիվ քննարկումներում տեղադրված ակտիվիստ Վարդգես Գասպարիի նամակով, որով հայտնում էր իր նկատմամբ բռնությունների, կտտանքների ու ծեծի մասին:

Ու մինչ մարդիկ մեկնաբանություններ էին շռայլում իշխանությունների, արդարադատության ոլորտի ու ակտիվիստի մասին, խմբերում շարունակ տեղադրվում էին Արդարադատության նախարարուհու ամուսնության ու պաշտոնաթողության մասին լուրերը, որն իրականում ընդամենը հաղորդավար Արմեն Դուլյանի անմեղ կատակի հետևանքն էր, որտեղ նա նշում էր, որ Արփինե Հովհաննիսյանին սիրահարված արաբական շեյխը ամուսնության առաջարկ է անելու վերջինիս:

Քաղաքական նորությունների ֆոնին անպակաս էին աստղայինները, որոնցից մեկը երգիչ Սարոյի նոր գնումն էր՝ գերմանական արտադրության թյունինգապատ Mercedes-AMG S63 Coupe գերթանկարժեք ավտոմեքենան, իսկ մյուս նորությունը՝ Ավետ Բարսեղյանի սիրո պատմության նկարագրությունն էր:

Երեկոյան կողմ արդեն համացանցային խմբերում ակտիվորեն սկսեց տարածվել Արմեն Ջիգարխանյանի ամուսնության մասին նորությունը: Պարզվում է՝ 80-ամյա դերասանն այսօր օրինականացրել է իր հարաբերությունները 35-ամյա Վիտալինա Ռոմանովսկայայի հետ, ում հետ ապրում էր նախորդ տարվանից:

Ֆեյսբուքյան լրատվության տեղատարափի մեջ, այսօր էլ բոլոր խմբերում կարելի էր գտնել նոր բաղադրատոմսի, օրվա աստղագուշակի, տարատեսակ էպիլյացիաների մասին հրապարակումներն ու դեմքի մաշկը սպիտակեցնող, երիտասարդացնող դիմակի առասպելի մասին լուրերը:

Շուշաննա Գրիգորյան
hraparak.am
Այս նյութը դիտել են - 1265 անգամ