Հայաստանի քաղաքական սերիալը. «Ալիևը խոսեց — մենք վերլուծեցինք».Արիս Քարամյան2025-11-19 17:40:00
Հայաստանի հանրային դաշտը վաղուց դարձել է քաղաքական թատրոն, որտեղ բեմում միշտ նույն սցենարն է՝ Ալիևը մի բան է ասում, իսկ մենք հավաքվում ենք վերլուծելու նրա բառերի ենթատեքստը։ Եթե Բաքվում ինչ-որ մեկը փռշտա, Երևանում այդ փռշտոցը դառնում է վերլուծական փոթորիկ՝ «Ի՞նչ նկատի ուներ նա երբ փռշտաց, արդյո՞ք մրսել էր, թե՞ քաղաքական ազդանշան է»։ Մենք դարձել ենք աշխարհի ամենաակտիվ «Ալիև ֆան ակումբը»՝ մեր քաղաքական և լրատվական դաշտում գործող երկու հիմնական «կուսակցությունների» նմանությամբ՝ «Ի՞նչ է ասել Ալիևը» և «Ինչու՞ է Ալիևը դա ասել»։ Առաջինները հայտարարում են՝ «Մենք դատապարտում ենք Ադրբեջանի վերջին քայլը», իսկ երկրորդները պատասխանում են՝ «Ալիևը դա ասաց, որովհետև ուզում էր մեզ ազդանշան փոխանցել»։ Իսկ այդ ընթացքում գյուղացին նայում է իր չորացած արտին ու մտածում է՝ «Լավ, դե հա, ազդանշանը հստակ է՝ էլի բանջարեղենը թանկացավ»։

Երբեմն թվում է, թե եթե Ալիևը մեկ օր լռի, հայկական հեռուստահաղորդումները պարզապես կփլուզվեն։ Հաղորդավարները խուճապահար կվազեն եթեր, բղավելով՝ «Բա թեման ո՞ւր է, վերլուծությունը ո՞ւր է, ես ո՞նց գնամ եթեր առանց Ալիևի»։ Այդպես ծնվեց նոր գիտություն՝ Ալիևագիտություն...
Եվ ամենա զավեշտալին այն է, որ այս ամենը ոչ թե անգիտակցաբար է կատարվում, այլ՝ ազգային, հստակ ձևավորված ռեֆլեքսով։ Ալիևը մեր ամենօրյա լրահոսն է, մեր վարկանիշային թեման, մեր հոգեբանական կոթողը։ Ամեն հաղորդման սկզբում պետք է հնչի նրա անունը, այլապես վարկանիշը կընկնի։
Այս հեգնանքի տակ թաքնված է դաժան ճշմարտություն։ Հայաստանում երբեք չենք ունեցել ազգային մտածողության անխախտ ավանդույթ։ Մենք առաջնորդներ ենք ունեցել, բայց ոչ ազգային գործիչներ։ Եվ դա պատահական չէ․ տասնամյակներով մեր իշխանությունը ձևավորվել է ոչ թե Հայաստանում, այլ խորհրդային և հետխորհրդային միջավայրերում, որտեղ պետությունը ընկալվել է որպես կառավարման օբյեկտ, ոչ թե պատասխանատվության տաճար։ Երբ դու քաղաքականություն ես կառուցում ներմուծված մտածողությամբ՝ մի քիչ Մոսկվայից, մի քիչ Բաքվից, մի քիչ եվրոպական դրամաշնորհային ձեռնարկություններից, դու ստանում ես այն, ինչ ունենք այսօր՝ հոգեբանորեն արտահանված, ներսից դատարկված պետություն։
Հայաստանը ունեցել է ղեկավարներ, որոնք ծնվել են այլ հողի վրա և ձևավորվել են այլ լեզվի ու մտածողության մեջ։ Նրանք երբեք չեն խոսել գյուղի, դպրոցի տանիքի, մշակույթի կամ գիտության մասին՝ որպես սրբություն։ Նրանք միշտ մտածել են դրսից ներմուծված լեզվով ու մտածողությամբ։ Եվ այսօր այդ մտածողության ստվերը շարունակում է կրել նույնիսկ նոր սերունդը՝ տարբեր կերպարաններով, տարբեր «իշխանական» կամ «ընդդիմադիր» նշանների տակ։ Երկիրը ղեկավարվում է մարդկանց կողմից, որոնք հաճախ գիտեն ամեն ինչ Ադրբեջանի մտադրությունների մասին, բայց ոչինչ՝ Հայաստանի կարիքների մասին։ Եվ ահա այստեղ է մեր ազգային ողբերգությունը՝ մենք դադարել ենք մեզանով ապրել։
Հայաստանը փոքր երկիր է, բայց մեծ լսարան ունի (Լսարանն «մեծ» է չափաքանակով, բայց «լսող» չկա բովանդակությամբ): Բոլորը խոսում են, ոչ ոք չի լսում։ Մենք նախարարություն ունենք ամեն ինչի համար՝ գյուղատնտեսությունից մինչև արտակարգ իրավիճակներ, բայց չունենք Հայաստանի հարցերով նախարարություն։ Ոչ ոք չի զբաղվում հենց Հայաստանով։ Եթե վաղը Բաքվում լույսերը անջատվեն, մեր վերլուծաբանները կհայտարարեն՝ «Սա հիբրիդային մութ է, ազդանշան՝ Երևանի ուղղությամբ»։ Եթե Ալիևը ծիծաղի, դա կլինի «սարկաստիկ ազդանշան տարածաշրջանի կայունության դեմ»։ Եթե լռի՝ «սառը դիվանագիտության վկայություն»։ Իսկ եթե ընդհանրապես չհայտնվի էկրանին, հայկական լրատվամիջոցներն ու թերթերի խմբագիրները կհամարեն, որ նա նրանց թողել է առանց թեմայի։
Հայաստանը տասնամյակներով ապրում է առանց ազգային գործիչների։ Ոչ թե առանց քաղաքական առաջնորդների՝ դրանք միշտ շատ են եղել, այլ առանց մարդկանց, ովքեր երկրի մասին մտածում են ոչ թե որպես բիզնես պլան կամ քարոզչական գործիք, այլ որպես իրենց ընտանիք։ Մենք ապրում ենք լևոնառոբասերժանիկոլական մտածողության դարում՝ ներմուծված, բայց տեղայնացված ձևով, որտեղ ամեն մեկը իր ներսում մի փոքրիկ արտաքին գործոն է պահում՝ մեկը Բաքվի արձագանքին է սպասում, մյուսը՝ Մոսկվայի զանգին, երրորդը՝ Արևմուտքի գնահատականին։ Իսկ Հայաստանը՝ իր տներում, իր գյուղերում, իր մանկապարտեզներում ու իր մարդկանց մեջ՝ մնում է անլսելի։ Մինչդեռ իրական փրկությունը գալիս է ներսից՝ Հայաստանում ծնված, այստեղ կրթություն ստացած, այս հողի լեզվով մտածող մարդկանցից։ Այն մարդկանցից, ովքեր գիտեն՝ ինչ բուրմունք ունի աշնանային հողը, ինչպես է հոսում ջուրը, ինչպես է ապրում գյուղացին՝ հողի հետ խոսողը, ու ինչ է նշանակում հավատալ ապագային՝ առանց ուրիշի ֆոնի։ Մեր ամենամեծ խնդիրն այն է, որ չենք կարողանում լռել։ Ամեն ինչի մասին խոսում ենք, բացի հենց մեզնից։ Եվ մինչ մենք զբաղված ենք Ալիևի հոգեվերլուծությամբ, Հայաստանը դանդաղ լռում է՝ սպասելով, որ մեկ օր ինչ-որ մեկը կկանգնի բեմում և կասի․ «Այսօր չենք խոսելու Ադրբեջանի մասին։ Այսօր կխոսենք Հայաստանի մասին»։ Եվ գուցե հենց այդ պահին, երբ լռության մեջ առաջին անգամ լսենք մեր իսկ ձայնը, մենք հասկանանք՝ Հայաստանը դեռ կա, ուղղակի մոռացել ենք խոսել նրա լեզվով։
Արիս Քարամյան,
Լոս Անջելես
Այս նյութը դիտել են - 183 անգամ