Անահիտ Ավանեսյանի երազանքներն ու Հայաստանյան դառն իրականությունը. նախարարը գո՞հ է իրենից
2025-10-11 12:41:00
Իրեն ուղղված հարցին՝ ինչո՞վ է քաղաքականությունը ձեզ հետաքրքիր, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասել է, որ ինքը, ըստ էության, քաղաքականությամբ իրացնում է իր երազանքները՝ իր երկրի հետ կապված՝ ոչ միայն առողջապահության ոլորտին առնչվող:
Առաջին հայացքից այս խոսքերը կարող են ընկալվել որպես իդեալիզմի դրսևորում, սակայն երբ դրանք դիտարկվում են Հայաստանի վերջին տարիների սոցիալ-քաղաքական ու առողջապահական իրականության ֆոնին, հարց է առաջանում՝ ի՞նչ երազանքների մասին է Ավանեսյանը խոսում:
Փաստ է, որ նրա պաշտոնավարման տարիները համընկան մի շարք լուրջ առողջապահական մարտահրավերների հետ՝COVID-19-ի համավարակ, բուժծառայությունների թանկացում հատկապես մասնավոր հատվածում, որը փաստացի դարձավ առողջապահական անհավասարության խորացման պատճառ, համակագից երիտասարդ բժիշկների արտահոսք և այլն։ Այս իրողությունների պայմաններում դժվար է պատկերացնել, թե ինչպես է նախարարն իր քաղաքականությամբ իրացնում իր երազանքները, եթե այդ երազանքները բարի են ու լավը:
Մյուս կողմից՝ Անահիտ Ավանեսյանը, լինելով Կառավարության անդամ, մի մասնիկն է այն քաղաքական թիմի, որի կառավարման ընթացքում Հայաստանը կրել է աննախադեպ կորուստներ: Այս համատեքստում նախարարի խոսքերը ընկալվում են որպես քաղաքական յուրատեսակ անզգայություն ու նույնիսկ անադեկվատություն՝ իրականության նկատմամբ: Քաղաքական երազանքը, ըստ էության, պետք է ծառայի հանրային շահին, ոչ թե սեփական թիմի կամ իշխանության պահպանմանը։ Հասարակական ընկալման մեջ այսօր Ավանեսյանի կերպարն ընկալվում է որպես պատասխանատվությունից խուսափող, կոռեկտ արտահայտություններով իրական խնդիրները քողարկող մեկի կերպար, որ հիմնականում զբաղված է կառավարության քաղաքական գծի արդարացմամբ։
Մի ժամանակհատվածում, երբ երկիրը շարունակում է վերապրել կորուստների և հիասթափության անվերջանալի փուլ, Ավանեսյանի հայտարարությունը հնչում է բավական ցինիկ։ Եթե նախարարի երազանքն ուժեղ, առողջ հասարակությամբ, արժանապատիվ Հայաստան ունենալն է, ապա պետք է ընդունել, որ այդ երազանքն առայժմ մնում է չիրացված, ինչն էլ նշանակում է, որ Ավանեսյանի գոհունակությունը բացարձակ անտեղի է։
Այս նյութը դիտել են - 215 անգամ