Արմեն Ալավերդյանի հիշատակած օրենքի տառը, որին նա այնպես հավատարիմ է, այնքան էլ տառ չէ...
2016-02-25 04:40:00

Այս ամսվա սկզբին ԵՏՄ նախարար Տատյանա Վալովայան վերջերս հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունները չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը՝ ԵՏՄ երկրներից ներմուծվող ավտոմեքենաների նկատմամբ ապօրինի կիրառելով ավելացված արժեքի հարկ, ինչի արդյունքում տուժել են բազմաթիվ քաղաքացիներ և որ դա հակասում է ԵՏՄ իրավապայմանագրային դաշտին: Հիշեցնենք, որ խոսքը ավտոմեքենա ներմուծման ժամանակ ՀՀ-ի կողմից 20 տոկոս ԱԱՀ գանձելու մասին էր:

 

Դրանից շատ չանցած՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանը հանդես եկավ հատուկ հայտարարությամբ և ասաց. «Պաշտոնապես հայտարարում եմ` այստեղ որևէ շեղում կամ բացթողում չենք ունեցել, ամեն ինչ արվել է պետական բյուջեի շահերից ելնելով, իրավական տողին, տառին համապատասխան»:


Թվում էր, թե այդքանով էլ խնդիրը պիտի փակվեր` անկախ այն բանից, որ բազմաթիվ քաղաքացիներ ու ներկրողներ շարունակում էին պահանջել իրավիճակի վերանայում, վնասների փոխատուցում և մեղավորների բացահայտում: Եվ ահա կատարվեց անսպասելին: Հանկարծ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը խորհրդարանում տեղեկացնում է, որ 2017 թվականի հունվարի 1-ից ԵՏՄ անդամ երկրներից ավտոմեքենա ներկրելու դեպքում Հայաստանում ավելացված արժեքի հարկ չի գանձվի: «Այսօր գործող իրավական դաշտի պայմաններում ավելացված արժեքի հարկը Հայաստանի Հանրապետությունում վճարվում է:

Մինչև 2017 թվականի հունվարի 1-ը այստեղ անցումային ժամանակահատված է ամրագրված օրենքով: 2017 թվականի հունվարի 1-ից արդեն ԵՏՄ անդամ երկրներից ավտոմեքենաների ներմուծման մասով ԱԱՀ չի վճարվի հարկային մարմիններում: Իսկ մաքսատուրք բոլոր դեպքերում չկա»,- ասաց Միրումյանը:


Նման շրջադարձը նշանակում է մեկ բան. Արմեն Ալավերդյանի հիշատակած օրենքի տառը, որին նա այնպես հավատարիմ է, այնքան էլ տառ չէ, այնքան էլ օրենքի չէ և այնքան էլ անսասան չէ, որքան նա էր հավաստիացնում: Ու եթե մի բան հնարավոր է կիրառել 2017 թվականի հունվարի 1-ից, կնշանակի նա կիրառման ենթակա է նաև այս պահից ու այստեղ խնդիրը ոչ թե օրենքն է կամ իրավական տողը, այլ պարզապես այն սողանցքը, որտեղից ոմանք սողոսկել են ներս ու լիուլի օգտվել են: Մի խոսքով, մարդիկ այնուամենայնիվ ստում էին:

 

shame.am

Այս նյութը դիտել են - 1360 անգամ