Երևանցիների համբերության բաժակը լցվել է այլևս2025-10-11 12:16:00
Նուբարաշենի աղբավայրում հոկտեմբերի 9-ի գիշերը բռնկված հերթական հրդեհը և դրան հետևած էկոլոգիական աղետը կրկին մերկացրին Երևանի կառավարման համակարգային թերությունները։

Հրդեհի բռնկումից անմիջապես հետո քաղաքապետ Ավինյանը այցելել է դեպքի վայր և հրապարակավ հայտարարել, որ հրդեհը դիտավորության հետևանք է։ Այս վարկածը թեպետ առաջին հայացքից կարող էր դիտվել՝ վճռական քայլ՝ մեղավորներին գտնելու և պատժելու, սակայն իրականում այն դարձավ հարմար ձև՝ ուշադրությունը հիմնական խնդրից՝ աղբավայրի կառավարման տապալումից և քաղաքապետարանի՝ կանխարգելիչ միջոցառումներ չձեռնարկելու փաստից շեղելու։
Հարց է առաջանում՝ ինչո՞ւ Տիգրան Ավինյանը դա արեց: Արեց, քանի որ հրդեհը որպես դիտավորություն որակելը թույլ է տալիս քաղաքային իշխանություններին հանդես գալ տուժողի դերում՝ սեփական անգործությունն ու թերացումները քողարկելու։ Տասնամյակներ շարունակ Նուբարաշենի աղբավայրը ինքնաբռնկումների և հրդեհների օջախ է եղել՝ պայմանավորված մեթանի կուտակումներով, թափոնների սխալ կառավարմամբ և անվտանգության կանոնների բացակայությամբ։ Այդպես էլ ոչինչ չի արվել՝ Երևանում աղբամշակման գործարան կառուցելու, որը կարող էր այս խնդիրը հիմնովին լուծել:
Բայց եթե նույնիսկ հրդեհը դիտավորության հետևանք է, ապա սա ևս մեկ անգամ ընդգծում է քաղաքապետարանի ձախողումը. ինչպե՞ս կարող է բնապահպանական տեսանկյունից վտանգավոր օբյեկտը լինել այդքան անպաշտպան, որ ցանկացած անձ կարողանա այնտեղ հրդեհ կազմակերպել։
Նուբարաշենից բարձրացող ծուխը պարզապես տհաճ հոտ չէ, սա պետք է լավ իմանալ: Այն իր մեջ պարունակում է խիստ թունավոր նյութեր, որոնք լուրջ սպառնալիք են Երևանի բնակչության առողջության համար։ Քաղաքապետարանի կողմից այս ռիսկերի մասին հանրությանը իրազեկելու և պաշտպանվելու ուղիների վերաբերյալ հստակ հաղորդակցության բացակայությունը ևս լուրջ բացթողում է, իսկ այս միջադեպի հետևանքով «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ընկերության տնօրենի պաշտոնակատարի ազատումը թեև կարող է թվալ որպես պատասխանատվության գործնական դրսևորում, իրականում, սակայն այն խնդրից հանրային ուշադրությունը շեղող քայլ է իրականում:
Այսպիսով՝ Նուբարաշենի վերջին հրդեհը ցույց տվեց, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի վարչակազմը շարունակում է գործել ճգնաժամային կառավարման ռեակտիվ տրամաբանությամբ՝ գերադասելով հետևանքների դեմ պայքարը կանխարգելիչ և ռազմավարական լուծումներից։ Նուբարաշենի ծուխը պետք է դառնա ոչ թե հերթական մոռացված ճգնաժամը, այլ անհապաղ և արմատական փոփոխությունների մեկնարկ ու առիթ: Երևանցիների համբերության բաժակը լցվել է այլևս։
https://www.youtube.com/shorts/3i_w15mJNho
Այս նյութը դիտել են - 296 անգամ