«Տաշիր Սամոյի» պարադոքսը. երրորդ ուժի ձևավորո՞ւմ, թե՞ օլիգարխիկ մոդելի վերադարձ
2025-10-05 21:55:00
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը, հայտարարելով, որ շուտով պատրաստվում է ներկայացնել Գյումրիի վերաբերյալ իրենց ամբողջական տեսլականը, հարցին՝ ե՞րբ են հայտարարելու քաղաքական գործունեության մասին, պատասխանել է. «Հունվարին արդեն կարող է քաղաքական միավորման մասին գործընթացը սկսենք»։
 Այս հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի քաղաքական դաշտում նոր, խոշոր ֆինանսական ռեսուրսներ ունեցող խաղացողի պաշտոնական մուտքի նախապատրաստում: Բայց հարց է առաջանում՝ որքանո՞վ են մեծ լինելու նոր ուժի հաջողության հնարավորությունները՝ հաշվի առնելով դրա իրական սեփականտիրոջ խոցելի կողմերը:
Նախ՝ արձանագրենք, որ հայաստանյան հասարակության զգալի հատվածում առկա է խորը դժգոհություն սոցիալ-տնտեսական վիճակից, անվտանգային մարտահրավերներից և քաղաքական դաշտի բևեռացումից։
Շատերը փնտրում են երրորդ ուժ, որը կկարողանա դուրս բերել երկիրը ներկա իրավիճակից, ու թերևս հենց այս հաշվարկով է, որ «Տաշիր Սամոն» փորձում է մուտք գործել դաշտ՝ ժողովրդին խոստանալով բաներ, որոնք առաջին հայացքից շատ գայթակղիչ են թվում: Սակայն որքանո՞վ կարող են դրանք իրատեսական լինել՝ նկատի ունենալով փաստը, որ այս գործիչն առավելապես ընկալվում է որպես նախկինների յուրատեսակ շարունակություն, որ չի վարանել ներկայիս իշխանությունների հետ նույնպես լավ հարաբերությունների մեջ լինել:
Հայաստանում առկա հակառուսական տրամադրությունների ֆոնին «Տաշիր Սամոյի» առաջխաղացումը թվում է գրեթե անհնարին: Բացի սա կա նաև օլիգարխիկ համակարգի վերարտադրության վերաբերյալ օբյեկտիվ մտավախություն: Նախկինների իշխանության դեմ ուղղված ամենամեծ քննադատություններից մեկը խոշոր բիզնեսի և քաղաքականության սերտաճումն էր։ «Մեր ձևով» շարժման մուտքը քաղաքական դաշտ կարող է ընկալվել որպես այդ մոդելի վերադարձի փորձ, որտեղ քաղաքական իշխանությունն օգտագործվում է՝ բիզնես շահերը սպասարկելու համար։ Արդյոք Կարապետյանները քաղաքականություն չե՞ն մտնում՝ պաշտպանելու և ընդլայնելու իրենց բիզնես կայսրությունը Հայաստանում:
Պետք է հաշվի առնել նաև այն, որ Նարեկ Կարապետյանը և շարժման մյուս դեմքերը, մեծ հաշվով, նորեկ են ակտիվ քաղաքականության մեջ, ուստի քաղաքական գործընթացների և պետական կառավարման փորձի պակասը կարող է դիտարկվել որպես մեծ մինուս՝ հատկապես երկրի առջև ծառացած բարդ մարտահրավերների ֆոնին։
Առայժմ շարժման հռետորաբանությունը հիմնված է ընդհանուր, բոլորի համար ընդունելի թեզերի վրա, սակայն հարց է մնում, թե ինչ կոնկրետ լուծումներ և մեխանիզմներ են նրանք առաջարկելու Արցախի հիմնախնդրի, Հայաստանի անվտանգության, արտաքին մարտահրավերների և այլ սուր հարցերի վերաբերյալ։ Այս հարցերում անորոշությունը կամ ոչ հանրամատչելի դիրքորոշումները կարող են վանել ընտրողների որոշակի խմբերի։
Մյուս կողմից՝ փաստը, որ շարժման առաջնորդները քեռի ու զարմիկ են, ինքնին ստեղծում է ընտանեկան քաղաքական նախագծի տպավորություն, ինչը պետք է մեկնաբանել որպես ընտանեկան-կլանային համակարգի կողմից քաղաքական դաշտում մեծ ազդցություն ձեռք բերելու փորձ՝ մի բան, որ լայն մասսաների կողմից բացասաբար է ընկալվում։
Այսպիսով՝ արձանագրենք, որ չնայած Հայաստանում օբյեկտիվորեն առկա է երրորդ ուժի հանրային պահանջ, սակայն կոնկրետ «Տաշիր Սամոյի» կողմից այդ պահանջարկը լրացնելու փորձերը մեծ հավանականությամբ դատապարված են տապալման, եթե, իհարկե, թվանկարչություն չլինի, ընտրությունների արդյունքը չկեղծվի, ինչը միանգամայն հավանական է:

Այս նյութը դիտել են - 301 անգամ