Արարատ Միրզոյանն ու Գուրգեն Արսենյանն ասելիք չունե՞ն2025-09-29 21:47:00

Փարաքարի համայնքապետի սպանությանը գրեթե զուգահեռ մեկ այլ սպանության մասին էլ հայտնի դարձավ՝ ոչ պակաս զարհուրելի ու խորհրդավոր. Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանին մահացած էին գտել Սանկտ Պետերբուրգում՝ Հայաստանի հյուպատոսարանի շենքում։ Նա հայտնաբերվել էր անգիտակից վիճակում զուգարանում, որտեղ և բժիշկները արձանագրել էին նրա մահը: Այսպիսով՝ մահացածը ոչ թե պատահական անձ էր, այլ բավական հայտնի նախկին պաշտոնյա, որի շուրջ արդեն երկար ժամանակ տարբեր քրեական գործեր էին քննվում:
Ի՞նչ է պետք արձանագրել տեղի ունեցածի հետ կապված: Նախ այն, որ պաշտոնական վարկածը՝ ինքնասպանություն, անհավատալի է թվում: Նրան ճանաչողները միաբերան պնդում են, որ նա այդ տեսակին չէր պատկանում: Մյուս կողմից՝ նրա մահը կարող է ընկալվել որպես «անհարմար» գործչի լիկվիդացում, եթե հատկապես հաշվի առնենք նրա բացահայտումները՝ մաքսային և պետական կառույցներում կոռուպցիայի մասին: Դեպքը տեղի է ունեցել ՀՀ հյուպատոսարանում, ինչն ինքնին դիվանագիտական սկանդալ է, որից չի կարող խուսափել նույն Արարատ Միրզոյանը կամ ասենք ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը։ Առաջին հերթին հարցերն ուղղված են հենց այս երկուսին:
Բորիս Ավագյանի մահը միայն մեկ մարդու ողբերգություն չէ․ այն հայաստանյան և ռուսաստանյան քաղաքական-հասարակական դաշտում բացահայտում է մի քանի խորը խնդիրներ՝ պետական կառույցների թուլությունից՝ հանրային վստահության ճգնաժամ։

Ո՞վ է հաջորդ զոհը ու որտեղ փնտրել մեղավորներին: Ահա սա է հիմա ամենակարևոր հարցը:
Այս նյութը դիտել են - 286 անգամ