Սերժ Սարգսյանը գործարար տիկնոջից ստացել է $2.985.000 կաշառք. Civic
2025-06-05 23:02:00
Հունիսի 2-ին Հակակոռուպցիոն դատարան է մուտքագրվել ՀՀ նախկին նախագահ, նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի դեմ ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած մեղադրական եզրակացությունը։
 
Civic.am-ը «Դատալեքս» հարթակից տեղեկացավ, որ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ վարչապետ եղած ժամանակաշրջանում կատարած արարքի համար։ 
Ըստ մեղադրանքի՝ 2007 թվականի հունիսի 7-ից մինչև 2008 թվականի ապրիլի 8-ն զբաղեցնելով ՀՀ վարչապետի պաշտոնը՝ Սարգսյանն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, այլ անձանց հետ հանցակցությամբ, «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի oգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և ապրիլին Սամվել Մայրապետյանի ու իր դստեր՝ Անուշ Սարգսյան-Մինասյանի ամուսնու, այդ ժամանակ ՀՀ վարչապետի ավագ օգնականի պաշտոնը զբաղեցնող Միքայել Մինասյանի օժանդակությամբ Սիլվա Համբարձումյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 924.950.000 ՀՀ դրամին համարժեք 2.985.000 ԱՄՆ դոլար կաշառք:
Նշենք, որ գործով դատավորը Արամ Գրիգորյանն է։ Գործը քննվել է Հակակոռուպցիոն կոմիտեում։ Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին։
Այս նյութը դիտել են - 352 անգամ