Նոր մշակութային քաղաքականության կենսական հրամայականը. ինչպե՞ս վերհանել հայկականը
2023-05-17 23:58:00
 Հանրային հեռուստաընկերության «Կերպարից դուրս» հաղորդման շրջանակում երգիչ, ռեփեր Սուպեր Սաքոյի՝ Կոմիտաս վարդապետի մասին արված հայտարարությունները,որոնցում երգիչը պնդել էր, թե ռաբիսն ու մուղամը հայ ժողովրդի երգարվեստին բնորոշ տարրեր են, իսկ Կոմիտասն էլ ստիպված է զտել հայկական երաժշտությունը, որպեսզի այն լսելի դառնա եվրոպացիների համար, լրջագույն ու համատարած քննադատությունների առիթ են դարձել. բոլորը սկսել են միաբերան արձանագարել, որ մեզ բնորոշ չեն արաբաթուրքական կլկլոցները, մերն ուրիշ է և այլն:
Սուպեր Սաքոյի հայտարարությունները, իհարկե, ոչ ոք չի պատրաստվում արդարացնել կամ սրբագրել, քանի որ դրանք իսկապես ոչ մի քննադատության չեն դիմանում: Հարցը, սակայն, այլ է՝ եթե բոլորը համակարծիք են, որ մուղամն ու կլկլոցները, ռաբիսը հայկական երաժշտությանն օտար են, ինչո՞ւ ոչ մի բան չի արվում՝ այդ ամենից հայկական մշակույթը մաքրելու, իսկ հանրությունը շարունակում է ամենամեծ սպառողը լինել այն աղբի, որի մատակարարներն են դարձել բազմաթիվ երգիչ-երգչուհիներ ոչ միայն ռեստորանային ոլորտում ինքնադրսեվորվող ու փող աշխատող, այլև այսպես ասած երգիչների այն գիլդիայի ներկայացուցիչները, որոնք իրենք իրենց այդ ամենից վեր են դասել: Թերևս մեկ-երկու հոգու կարելի է մատնանշել այսօր, որոնց մատուցած երգ-երաժշությունը զերծ է թուրքական մուղամին բնորոշ տարրերից: Ավելին՝ ցավալի իրականությունն այն է, որ երբ մի սկսնակ երգիչ կամ երգչուհի, իր առաջին քայլերն անելով դաշտում, փորձում է պոպուլյարություն ձեռք բերել, ստիպված անցնում է ռաբիսին կամ 6-8-ին՝ արագորեն դաշտում իր տեղը գտնելով:
Հայաստանում պետք է նոր մշակութային քաղաքականություն վարել՝ նոր նպատակներով ու տեսլականով, քանի որ այն, ինչ որ կա հիմա, ուղղակի տգեղ կալամբուր է՝ հայ մշակույթի համբավը զգետնող:
Մյուս կողմից՝ ինչո՞ւ պետք է պայքարեն թուրքականի դեմ, եթե Հայաստանի օրակարգն այսօր Թուքիային ինտեգրվելն է՝ Ադրբեջանին բավարարելու եղանակով:
Գ.Մ.
Այս նյութը դիտել են - 850 անգամ