Կար ժամանակ ծառ կտրելու համար տուգանվում էր կտրողը, հիմա արդարացվում են նորօրյա «ոճիր» գործողները
2023-03-24 00:37:00
Խեղճ ծառեր, որ տարիներ շարունակ պիտանի են եղել, հիմա անկենսունակ են դարձել...Ծառահատումը Երևանում քննարկման թեմա է դարձել։ Կար ժամանակ ծառ կտրելու համար տուգանվում էր կտրողը, հիմա արդարացվում են նորօրյա «ոճիր» գործողները։
Հերթը հասել է մշակույթին։ Թատրոն է փակվում։ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը արդարացնում է տեղի ունեցածը։ Երբ լսում ենք Երևանի «Գոյ» թատրոնի` մեզ ծանոթ դերասաններին, հասկանալի է դառնում պատճառը։ Ամեն ինչ սկսվեց «Գարեգին Նժդեհ» ներկայացումից։ Հաջորդը օրը «դատավճիռը» կայացված էր։
Հիշեցի անցած օրերից մի դեպք։ Կարծեմ` 44֊օրյայից հետո էր։ Երևանից Արցախ պիտի գար այն ժամանակվա ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ով այժմ նախարարի պաշտոնում է։ Շուտով ֆբ-ում շրջանառվեց մի տեսանյութ, թե ինչպես են Ստեփանակերում մի շարք երիտատասարդներ պաստառներով ընդդիմացել եկած «հյուրին», թե ինչու է նա իր խոսքով դեմ արտահայտվել Նժդեհին։ Նրան չէին ուզում թույլ տալ մեքենայից իջնելու, ոմանց միջամտությամբ մի կերպ հաջողվեց նրան հասցնել նախարարություն։ Եվ նա կարողացավ արդարացնել իրեն, թե ճիշտ չեն հասկացել իր խոսքը Նժդեհի մասին։ Այնպես որ հիմա էլ այլ պատճառներ կգտնեն, անգամ դերասաններին կմեղադրեն, թե ինչու են թատրոնի «վերաձևումը» կապում Նժդեհի հետ։
Այստեղ են ասում` մեր ցավ ու դարդը նրանք չեն հասկանա, երբ երկրի գլխին ռումբեր են կուտակվում, մի այլ տեղ Երևանի քաղաքապետի թեկնածու Ավինյանը մինչև 2030 թվականը մայրաքաղաքը գեղեցկացնելու ծրագիր է կյանքի կոչում` ծառահատման, նոր տնկիներ աճեցնելու տեսքով։
Այնպես որ կյանքը շարունակվում է, ո՞վ է ասում, որ հայի համար վաղվա օրը կասկածի տակ է։ Հիշեցի Քաջ Նազարին։ Թումանյանի հերոսը առայսօր քեֆ է անում` ծիծաղելով աշխարհի վրա։
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 790 անգամ