Պետդեպը՝ հայաստանյան գորշ իրականության մասին. ի՞նչ եղավ հեղափոխությունը
2023-03-21 16:21:00

 ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է մարդու իրավունքների մասին 2022 թ.-ի իր զեկույցը՝ դրանում անդրադառնալով նաև Հայաստանին: 
Պարզվել է, որ Հայաստանում ամենաանմխիթար վիճակն առկա է դատաիրավական ու ուժային համակարգերում:
Ըստ զեկույցի՝ Հայաստանում բազմաթիվ են անվտանգության ուժերի անդամների կողմից կատարվող խոշտանգումների դեպքերը, կամայական ձերբակալությունները կամ կալանավորումները, դատական անկախության հետ կապված լուրջ խնդիրները, ինչպես նաև առկա են բանտային ծանր պայմաններ:
Պետք է արձանագրել, որ ամերիկյան պետդեպի կողմից արձանագրված վերոհիշյալ փաստերն ֆիքսել են հայաստանյան այն իրականությունը, որի մասին իշխանությունները չեն նախընտրում խոսել՝ իրենց ելույթներում կամ ասուլիսներում գերադասելով վարդագույնով ներկել բոլորին զզվեցրած գորշ իրականությունն: Չնայած ասենք նույն գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի աշխատավարձն աստղաբաշխական թվերի է հասնում՝ գերազանցելով բոլոր հնարավոր ու անհնարին ռեկորդները (մոտ 3 մլն դրամ ամսական), բայց, փաստորեն, դա ոչ մի կերպ չի օգնում երկրում դատաիրավական համակարգը ժողովրդավարական ստանդարտներին ու հեղափոխական լոզունգներին համապատասխանեցնելու հարցում: Ավելին՝ շատ սակավ է հույսը, որ Ներքին գործերի նախարարության ստեղծումը կարող է նպաստել ուժայինների վարքի արդյունավետ վերահսկմանը կամ ՕԳԳ-ի ավելացմանը՝ նկատի ունենալով այն վատթար արդյուքնները, որ 2023-ին արդեն իսկ հասցրել է արձանագել այդ կառույցը:
Ինչի՞ հետևանք է այս ամենը:
Ակնհայտ է՝ գլխավորապես քաղաքական կամքի բացակայության ու իշխանական բուրգի ներսում արատավոր բարքերի առկայության: Բոլոր ուժայիններն ու դատաիրավական համակարգն ամբողջությամբ լծված են մեկ խնդրի լուծմանը՝ ՔՊ-ական իշխանության հարատևության երաշխավորման:
Այսօր Հայաստանի իրական դեմքը ուռող ու մարդասպան պարեկներն են, հանցավորության մակարդակի աննախադեպ բարձրացումը, դատավորների կամ գլխավոր դատախազի բարձր աշխատավարձների ֆոնին համակարգում տիրող կատարյալ քաոսն ու անկումը:
Իհարկե, գործնականում նման իրավիճակ է տիրում ողջ պետական կառավարման ապարատում՝ ԿԳՄՍՆ-ից՝ Էկոնոմիկայի նախարարություն, բայց ուժայիների ու դատաիրավական համակարգի առանձնահատկությունն այն է, որ սրանք առավելագույն սերտությամբ են առնչվում մարդկային ճակատագրերին: Չկա արդարություն ու օրենք, չկա ոչինչ:
Այս նյութը դիտել են - 766 անգամ