Մուկը՝ թակարդում. ինչո՞ւ է Փաշինյանն այն լարել
2023-03-17 10:41:00
Նախկին կոռուպցիոներների նկատմամբ Հայաստանում ընթացող պայքարը նոր դրսևրումներ է ստանում: Մասնավորապես՝ մութ ամպեր են կուտակվել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխին, որին տարօրինակ կերպով հեղափոխոթյունից հետո հաջողվել էր աննկատ մնալ: 
Հովիկ Աբրահամյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 59 անշարժ գույք, 4 ավտոմեքենա, բաժնետոմսեր, ավելի քան 12 մլն դոլար, 3 մլն-ից ավելի եվրո և 23 մլն-ից ավելի դրամ:
Սա, կարելի է ասել, յուտաեսակ սենսացիա է, քանի որ բոլորին է հայտնի, թե ինչպիսի հատուկ վերաբերմունք են իշխանությունները դրսևորել Հովիկ Աբրահամյանի նկատմամբ տարիներ ի վեր՝ ձևացնելով, թե նրա անհատակ ունեցվածքի ծագման հարցում չկան կասկածներ մի դեպքում, երբ հանրային ուշադրության կենտրոնում է մշտապես եղել նույն Նիկոլ Փաշինյանի կողմից բազմիցս քննադատված Աբրահամյանի հանդեպ իշխանությունների մեղմ վերաբերմունքը:
Հարցն այն է, թե ինչու են հենց հիմա իշխանությունները որոշել թևերը քշտել ու անցնել գործի:
Բացառված չէ, որ նման կերպ ՔՊ-ն փորձում է ինչ-որ կերպ բարձրացնել իր քաղաքական վարկանիշը ժողովրդի աչքում: Խնդին այն է, որ ըստ բազմաթիվ ուսումնասիրությունների՝ իշխանությունների վարկանիշը ծայրահեղ ցածր մակարդակի է հասել՝ թուլացնելով Նիկոլ Փաշինյանի քաղաքական հենարանը: Առանց այն էլ պատերազմից հետո վիճակը մի բան չէր, իսկ հիմա է՛լ ավելի վատթար է դարձել՝ լավատեսության տեղ չթողնելով: Այնպես որ՝ շատ հնարավոր է, որ Աբրահամյանին թիրախավորելով՝ Փաշինյանն առաջին հեթին փորձում է լուծել սասանված հեղինակության հարցը՝ ապացուցելու, որ նախկինների հետ գործարքի չի գնացել:
Մյուս հնարավոր պատճառը կարող է լինել ընդդիմությանը թուլացնելու նրա ձգտումը:
Չնայած Աբրահամյանը, ինչպես ասում են, քաղաքականությամբ չի զբավում, բայց կարող է գայթակղություն ունենալ՝ լատենտ աջակցություն ցուցաբերելու Փաշինյանի քաղաքական ախոյաններին: Բոլոր դեպքերում մեծ կապիտալը՝ նախկին իշխանավորի ձեռքին չի կարող անվնաս համարվել, ուստի կարիք է զգացվում նախօրոք ռիսկերի կառավարման:
Մյուս կողմից՝ բացառված չէ, որ խնդիր կա՝ ընդամենը փող քերելու, ստիպելու Աբրահամյանին՝ մասնաբաժին հատկացնել սեփական ունեցվածից, ասենք Աննա Հակոբյանի հայտնի հիմնադրամին՝ գործը ջրելու ու փորձանքից հեռու մնալու:
Ամեն դեպքում փաստ է, որ Նիկոլ Փաշինյանն այս ողջ ընթացքում այնքան է հասցրել վարկաբեկվել, որ նույնիսկ եթե բոլոր նախկիններին միասին գնդակահարության էլ դատապարտեն՝ ողջ ունեցվածքի ազգայնացման դատավճռով, դժվար թե հնարավոր լինի ՔՊ-ին վերակենդանացնել: Արցախն էլ հո հետ չե՞ն բերելու:
Այս նյութը դիտել են - 1108 անգամ