Նոր կոռուպցիոն սկանդալ՝ Հայաստանում. ովքե՞ր են «ձեռքեր տաքացրել» կորոնավիրուսի վրա
2023-03-12 14:07:00

 Ինչպես տեղեկացրել էր ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն, Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանն ու նրա հետ ևս 10 հոգի ձերբակալվել են: Առողջապահության նախկին փոխնախարար, իսկ այժմ փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանին, մասնավորապես,մեղադրում են «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության տնօրեն Բ.Շ.-ին խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի՝ 119.005.000 ՀՀ դրամ հափշտակելու հարցում օժանդակելու համար: Վարույթն իրականացնող ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը 2023 թվականի մարտի 9-ին Գ. Սիմոնյանի նկատմամբ արարքը կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու համար միջնորդություն է ներկայացրել հսկող դատախազին,որը բավարարվել է:
Տեղի ունեցածն էական է ոչ միայն համակարգային կոռուպցիայի բացակայության մասին ՀՀ իշխանոթյունների շարունակական վստահեցումների տեսանկյունից, որոնք, փաստորեն, բացարձակ անհիմն են, այլև՝ այն, որ թալանը տեղի է ունեցել մի շրջանում, երբ երկրում մոլեգնում էր անիծյալ COVID-19-ը՝ դառնալով բազմահազար մահերի պատճառ: Ստացվում է, որ մինչ մարդիկ մեռնում ու տառապում էին կորոնավիրուսից, Կառավարության որոշ անդամներ փողեր էին յուրացնում պետությունից՝ գրպանները լցնելով:
Ոչ ոք միամիտ չէ, որ կարծի, թե առողջապահության փոխնախարարը կարող էր միայնակ փողեր ուտել՝ առանց նախարարի կամ նախարարի վերադասի գիտության, ուղղակի երևի հիմա որոշել են ողջ մեղքը մեկ հոգու գլխին ջարդել, որ հանրային կասկածները վերևների նկամամբ շատ չմեծանա:
Չի բացառվում նաև քաղաքական խնդրի լուծման տարբերակը՝ ներքին «ռազբորկաների» կոնտեքստում:
Բա որ վերևներն էլ ներքևների հետ միասին թալանած լինեին, հետաքննություն կիրականացնեի՞ն, թե՞ թեման կթաղեին, որ ավելորդ աղմուկ դուրս չգար՝ ահա այսպես են մտածում ՔՊ-ական իշխանավորները՝ չհասկանալով, որ սեփական ձեռքերով դիմակազերծում են իրենց իսկ իշխանության երեսը՝ ապացուցելով համակարգային կոռուպցիայի գոյությունը, որի դեմ իրականում ոչ ոք նորմալ պայքար չի էլ մղում՝ բավարարվելով ինչ-որ «կոսմետիկ վերանորոգումներով»:
Փոխարենն առավոտից՝ երեկո իշխանական քարոզիչները խոսում են նախկինների թերություններից՝ դրա հաշվին քաղաքական դիվիդենտներ կուտակելով:


Այս նյութը դիտել են - 598 անգամ