Բաքուն դատի է տալիս Երևանին. «խաղաղության օրակարգի» դառը պտուղները
2023-02-28 12:21:00
 
«Թուրան» գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրությունը, հայտնել է, որ Բաքուն միջպետական արբիտրաժային վարույթ է նախաձեռնում Հայաստանի դեմ՝ պնդելով, որ Հայաստանը «անօրինականորեն» շահագործել է Սարսանգի ջրամբարի վրա գտնվող Թարթառի ՀԷԿ-ը, «գրավյալ» տարածքներում 37 փոքր հիդրոէլեկտրակայան է կառուցել, որոնցում արտադրված էլեկտրաէներգիան արտահանվել է Հայաստան, «անօրինականորեն» շահագործել է «Չարդաղլը» ածխահանքը, ինչպես նաև ապամոնտաժել է Եվլախ-Նախիջևան գազատարը:
Սա նշանակում է մեկ բան՝ Ադրբեջանը պլանավորել է նաև կործանել Հայաստանի տնտեսությունն ու փաստացի ստիպել Երևանին ռազմատուգանք վճարել իրեն: 
Ընդ որում՝ Բաքուն դա փորձում է անել առավելագույնս ցինիկաբար՝ օգտվելով 44-օրյա պատերազմում գրանցած արդյունքներից ու իր դաշնակից Թուրքիայի հակահայ կեցվածքից:
Չափազանց կարևոր է, սակայն, հասկանալ, թե ինչի հետևանք է Բաքվի այսօրինակ լկտի պահվածքը: Բանն այն է, որ որքան էլ կարող է տարօրինակ հնչել, Ադրբեջանի բերանը լեզու է դրել ներկայիս ՔՊ-ական վերնախավի կողմից վարվող տխմար քաղաքականությունը, քանի որ եթե դու Արցախն ու հարակից շրջանները հռչակում ես որպես Ադրբեջան, ապա դա նշանակում է, որ ընդունում ես՝ ագրեսոր ես, և տասնմյակներ ի վեր ապօրինաբար քո վերահսկողության տակ ես պահել օտար ազգին պատկանող տարածքները, շահագործել նրա բարիքները:
Ասել կուզի՝ եթե Հայաստանն ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը մի դեպքում, երբ, ինչպես հայտնի է, Բաքուն հայտարարում է, որ Հայաստանի պետության սահմաններն իրեն անհայտ են, ապա ինքնաբերաբար ջուր է լցնում ազերիների ջրաղացին՝ նրանց օրինական հիմք տալով՝ փոխհատուցում պահանջելու դատարաններում:
Միաժամանակ հարկ է գիտակցել, որ խոսքը տասնյակ, եթե ոչ հարյուրավոր միլիարդների հասնող տուգանքների մասին կարող է լինել, որը վճարելու համար Հայաստանից կպահանջվի ոչ մեկ տասնամյակ:
Բաքվի համար դատարանի՝ իր համար ձեռնտու վճիռն անհրաժեշտ կլինի՝ Հայաստանին հնարավոր գործարք առաջարկելու համար նաև, քանի որ Բաքուն կարող է Երևանին առաջարկել հարյուրավոր միլիարդների փոխարեն իրեն հանձնել ասենք Սյունիքի մարզը որպես փոխհատուցում օկուպացիայի համար: Կասկած չկա, որ եթե նման առաջարկ հնչի այս իշխանությունների օրոք, պաշտոնական Երևանը չի վարանի ամբողջ Զանգեզուրը զիջելու հարցում՝ ժողովրդին այդ քայլը բացատրելով տնտեսական նպատակահարմարությամբ:
Այս նյութը դիտել են - 841 անգամ