Թշնամու կողմից մեզ պարտադրված «խաղաղության» պայմանագիրը սև թուղթ է դառնալու հայության համար
2023-02-27 00:29:00
Այս ի՞նչ շտապողականություն է, երբ հեռացնում են պաշտոնից պետնախարարին և անմիջապես սկսում բանակցություններ թշնամու հետ` ստվերի տակ թողնելով համաշխարհային դատարանի որոշումը, որով պարտավորեցվում է Ադրբեջանին` բացել միջանցքը առանց նախապայմանների։
Մեզ դեպի ու՞ր են տանում` ադրբեջանցիների հետ համատեղ «կյանքի՞», թե՞ Արցախի հայաթափության։
Երկու ճանապարհն էլ անընդունելի են, և ոչ ոք չհամարձակվի առանց արցախցիներիս կամքը հարցնելու` մեզ դարձնի թշնամու ստրուկը։
Լսում եմ ելույթներ` Երևանի Մատենադարանում Արցախի շուրջն անցկացված գիտական համաժողովից...
Որքա՜ն խելացի մտքեր, ողջունելի առաջարկներ, գրագետ եզրահանգումներ, Արցախի հայկականությունը պահելու ուղիներ...
Այս վերջին տարիներին երբեմն ինձ չխնայելով լսել եմ իշխանական քպ-ականների զառանցանքները, անհաշիվ անգամ սևեռվել եմ մի կետի, թե արդյո՞ք միանգամից անկում է ապրել հայոց իմաստուն միտքը, երբ մնացել ենք սրանց հույսին, իսկ նրանք ձեն ձենի տված Արցախ են հանձնում` Հայաստան փրկելու համար։ Բայց ո՞վ է ասում, որ Արցախը հանձնելուց հետո Հայաստան կփրկվի, երբ թշնամին իր կեռ մագիլներով պատրաստ է փորփրել անգամ Հայաստանի սիրտը։
Արցախից հետո հայոց մայր երկիրը սկուտեղի վրա է, որ պիտի մատուցվի մեծ և փոքր եղբայրներին, այն է` Թուրքիային և Ադրբեջանին։ Միամիտ չլինենք ու մտածենք, թե օգնության ձեռք մեկնելով երկրաշարժից տուժածներին` Հայաստանը փրկված է։
Արցախի կորուստը Հայաստանի կորուստն է, Հայաստանի փրկությունը Արցախի փրկությունն է...
Զգուշանանք, երբ թշնամու կողմից մեզ պարտադրված «խաղաղության» պայմանագիրը սև թուղթ է դառնալու հայության համար։
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 910 անգամ