Ո՞ւմ է բաժին հասնելու Երևանի կենտրոնը
2023-02-22 13:21:00

Կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությանը Նիկոլ Փաշինյանը նոր գաղափար է երկնել՝ պնդելով, որ քաղաքի կենտրոնական թաղամասերը, Փոքր կենտրոնը պետք է բեռնաթափել պետական կառույցներից՝ դրանք տեղափոխելով ծայրամասեր կամ առնվազը քաղաքի այլ հատվածներ: Որպես այդ պլանի սկզբնական փուլ մատնանշելով արդարադատության թաղամասի ստեղծումը՝ Փաշինյանը հայտարարել է, որ եթե այն արդարացնի իրեն, ապա ծրագիրը շարունակություն կունենա, քանի որ Կենտրոնում գտնվող շենքերը ավելի նպատակահարմար կլինի տալ մասնավորին, քանզի ինչպես հուշում է աշխարհի մի շարք երկրների դրական փորձը, այդ ճանապարհով հնարավոր է բավական կլորիկ գումարներ աշխատել:
Արդարադատության թաղամասի ստեղծումը որպես երկրում արդարութան մթնոլորտի հաստատման հավելյալ առհավատչյա հռչակած վարչապետի գաղափարն իրականում բացառապես բիզնես պլան է և ոչ մի կապ չունի պետական կառավարման համակարգն ավելի արդյունավետ դարձնելու վերաբերյալ մտայնության հետ, քանի որ էականը ոչ թե այս կամ այն պետական գերատեսչութան տեղակայման վայրն է,այլ այն կադրերի գործոնը, որոնք, կոպիտ ասած, աշխատեցնում են համակարգը: Իսկ հայտնի է, որ այսօր Հայաստանի պետական կառավարման համակարգը խորը ճգնաժամի մեջ է, որի պատճառ որևիցե կերպ չի կարող դիտարկվել Կենտրոնի գերբեռնվածության փաստը:
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հանկարծ որոշել ինչ-որ թաղամասեր ստեղծել՝ դրանք որպես փրկություն մատուցելով հանրությանը:
Փաշինյանը, որ շատ իմաստներով հանդիսանում է հայաստանյան ու նաև միջազգային օլիգարխիատի շահերի սպասարկողը, ընդամենը կատարում է նրանց պահանջը՝ իրագործելով մի այնպիսի ծրագիր, որի հետևանքով Երևանի կենտրոնը դառնալու է օտարներով՝ գլխավորապես թուրքերով գերբնակեցված տարածք (եթե իրագործվեն թուրք-ադրբեջանական ծրագրերը):
Ընդ որում՝ միայն նախարարությունները քաղաքի կենտրոնից տեղափոխելու վերաբերյալ ծրագիրը չէ, որ ցանկանում է կյանքի կոչել Կառավարությունը, քանի որ սրանից առաջ էլ ակտիվորեն խոսվում էր բուհերը շրջաններ տեղափոխելու մասին՝ այն նույն հիմնավորմամբ, ինչ-որ հիմա:
Սա բավական վտանգավոր ծրագիր է, քանի որ Հայաստանի՝ պատմամշակութային բարձր արժեք ունեցող կառույցների կոմերցիալիզացիան բացասական էֆեկտ է ունենալու ոչ միայն Հայաստանի իմիջի, այլև պետական կառավարման արդյունավետության վրա, և սա՝ չնայած նրան, որ այս իշխանությունները բոլորովին հակառակն են պնդում:
Փող աշխատելու մոլուցքը շատերին է կուրացրել՝ ստիպելով ամեն ինչ դիտարկել հենց այդ պրիզմայի ներքո: Ագահությունն է, որ այս օրին է հասցրել Հայաստանը, և քանի դեռ փողի փոխարեն չեն արժևորվում իրական արժեքները, Հայաստանը երբեք դուրս չի գալու այս ճահճից:
Գ.Մ.
Այս նյութը դիտել են - 631 անգամ