Մանվել Գրիգորյանին հանձնելու հետևանքը
2023-02-21 14:39:00
Գրիգորի Խաչատուրովի դեմ ընթացող դատաիրավական պրոցեսին զուգահեռ մամուլում տարածվել են տեղեկություններ այն մասին, որ ՔԿ-ն պատրաստվում է 4-րդ անգամ դիմել դատարան՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի կալանքը երկարացնելու միջնորդությամբ։ 
Ավելին՝ ասում են՝ Խաչատուրովի նկատմամբ հարուցված հետապնդումը միայն սկիզբն է դառնալու այն նոր ալիքի, որի միջոցով իշխանությունները փորձելու են հիմքից գլխատել բանակն ու այն համապատասխանեցնել «խաղաղության օրակարգ» կոչվող թուրքական ֆարսին:
Միաժամանակ չափազանց ուշագրավ պետք է դիտարել նաև այն փաստը, որ Տավուշի ուղղությամբ 44-օրյայից առաջ թուրքին լավ դաս տված Խաչատուրովի ձերբակալությունը տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա և Նիկոլ Փաշինյանի՝ Մյունխեն այցերից հետո, ինչը ծնում է առնվազը ողջամիտ կասկած, որ տեղի ունեցողն ուղղակիորեն թուրքական պատվեր է՝ իջեցված ՀՀ իշխանություններին: Ի դեպ՝ սրանից առաջ էլ, ինչպես հայտնի է, Սեյրան Օհանյանի դեմ էր ՀՀ գլխավոր դատախազը ԱԺ-ում միջնորդություն ներկայացրել՝ սկիզբ դնելով շինծու հետապնդմանը:
Ակնհայտորեն տեղի է ունենում բանակի գլխատում, այն գեներալների ու հրամանատարների չեզոքացում,որոնք, ըստ իշխանությունների, սկզբունքորեն կարող են հակադրվել իրենց կողմից վարվող քաղաքականությանն ու բողոքի ձայն բարձրացնել՝ առաջ բերելով ներքին դիմադրություն:
Շատ կարևոր է նաև արձանագրել, որ այս ամենի առաջին ծաղիկները իրականում հայ հանրությունը տեսավ դեռևս 2018-ին՝ ՔՊ-ական Արեն Մկրտչյանի մոնտաժած ու Փաշինյան-Վանեցյան զույգի կողմից բեմադրված «տուշոնկա շոուի» շրջանակներում: Չմոռանանք, որ այն ժամանակ էլ գեներալ Մանվել Գրիգորյանն էր համարվում հողերը հանձնելուն դեմ հանդես եկող հուժկու ուժ, որի չեզոքացումը երկրում իշխանությունը վերցրած ուժերի կողմից դիտարկվում էր՝ կենսական անհրաժեշություն:
Մյուս կողմից՝ հարց է առաջանում՝ երբ գեներալ Մանվելին խոշտանգում ու տանջում էին բերդերում, այն ժամանակ որքանո՞վ էր ադեկվատ նրա զինակիցների, նրա հետ մարտական ուղի անցածների կամ քաղաքական համախոհների պահվածքը, որոնցից շատերն այսօր քննադատում են Նիկոլ Փաշինյանին՝ ասենք նույն վերոհիշյալ զինվորականներին քաղաքական հալածանքների ենթարկելու համար:
Ակնհայտ է, որ եթե այն ժամանակ իշխանություններն իսկապես հանդիպեին հուժկու ու կազմակերպված դիմադրության, այսօր գուցե բոլորվին այլ իրավիճակ լիներ: Այնինչ ՀՀԿ-սեփական ձեռքերով իր թիմակցին հանձնեց Նիկոլի ձեռքը՝ նրա հետ դամ պահած:
Գ.Մ.
Այս նյութը դիտել են - 748 անգամ