Բանակում չծառայած Կոստանյանին Փաշինյանը ԱԳ փոխնախարար է նշանակել
2023-01-26 10:54:00
irakanum.am
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Վահան Կոստանյանին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ նշանակելու մասին։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքից։
Ի դեպ Վահան Կոստանյանը բանակում չի ծառայել։ Ուսանողներին զորակոչից ազատվելու պահանջով 2017 թվականին ուսանողական շարժման առաջամարտիկներից մեկը՝ Վահան Կոստանյանը 2018-ի իշխանափոխությունից հետո օրենսդրական հապշտապ կատարված փոփոխության արդյունքում ընդունվեց ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի ասպիրանտուրա եւ ստացավ զորակոչից տարկետման եռամյա իրավունք: Բայց այդ ընթացքում զբաղեցրել է մի շարք պաշտոններ. նախ Քաղաքացիական պայմանագրի մամուլի խոսնակն էր, ապա 2018-ի մայիսից ԱԺ փոխվարչապետ Արարատ Միրզոյանի օգնականը, իսկ 2018 թվականի դեկտեմբերից արդեն խորհրդարանի նախագահ Միրզոյանի օգնականն էր, հետո՝ խորհրդականը:
Հետո Միրզոյանի հետ տեղափոխվեց ԱԳՆ։ Այդ ողջ ընթացքում որեւէ գիտական հոդված չի տպագրել, քննություններ չի հանձնել, ինչի հետեւանքով էլ երեք տարին լրանալու վերջնաժամկետից առաջ այս տարվա մայիսին դիմում է գրել եւ ազատվել ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի ասպիրանտուրայից, հետևաբար՝ այլեւս չի օգտվում տարկետման իրավունքից եւ պետք է զորակոչվեր պարտադիր զինվորական ծառայության, սակայն շարունակում է զբաղեցնել պետական պաշտոն։
Այս նյութը դիտել են - 1402 անգամ