Բանակային բարդակ. ո՞ւմն է ամենամեծ մեղքը
2023-01-19 10:32:00
ՀՀ ՊՆ զորամսերից մեկում տեղի ունեցած ողբերգությունը, որի հետևանքով կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, կրկին հրատապ է դարձրել հայոց բանակում տիրող մթնոլորտի, կարգապահության մակարդակի, ընդհանուր վիճակի հարցը՝ չնայած հետպատերազմյան փուլում հանրությ ան ուշադրությունից երբեք էլ չեն վրիպել այս խնդիրները: Չնայած դեռևս գործի քննությունն ընթացքի մեջ է, բայց առնվազը նախնական տվյալներով ողբերգությունը տեղի է ունեցել այն պատճառով, որ զորամասում փաստացի առհամարհել են ԳՇ կողմից իջեցված հրամանը՝ ավտոբենզին և այլ դյուրավառ նյութեր տարածքում չպահելու մասին: Ըստ նախնական տվյալների՝ փորձ է արվել ավտոբենզինի օգնությամբ վառել վառարանը, ինչի հետևանքով տեղի է ունեցել, փաստորեն, լուրջ հրդեհ, որին զոհ են գնացել մեր զինվորները:
Հետպատերազմյան փուլում բանակի իրական վիճակի մասին հրապարակումներն ու նյութերը քիչ չեն: Դրանց բացարձակ մեծամասնությունը, ցավոք, հուսադրող ինֆորմացիա չի տալիս հանրությանը՝ ապացուցելով, որ իշխանությունները մեծապես թքած ունեն բանակի վրա էլ, զորամասային պայմանների էլ, և միակ բանը որով զբաղվում են, ընդամենը փորձն է՝ հանրության շրջանում ստեղծելու տպավարություն, թե իբր հոգ են տանում բանակի մասին, փորձում են այն դարձնել պրոֆեսիոնալ, բարձրացնել զինվորականության դրամական բավարարման մակարդակը և այլն:
Մինչդեռ այդ ամենից ավելի էական խնդիր է այն, թե ինչպիսի սուբորդինացիոն համակագ է գերիշխում բանակի ներսում, ինչպիսի ճշգրտությամբ են ենթակաների կողմից կատարվում վերադասների հրամանները, ով է ում տերը: Ավաղ, ստեղծվում է տպավորություն, որ «շունը տիրոջը չի ճանաչում» ներկայիս զինված ուժերում, ինչի հետևանքով էլ ստեղծվել է բարձիթողի վիճակ, և ով ինչ ուզում,այն էլ անում է, ինչ ուզում՝ վառում է:
Նախապատերազմյան փուլում փորձելով համոզել, թե իբր հեղափոխությունը փոփոխություններ է բերել նաև բանակ՝ իշխանությունները սկսեցին ելակով կերակրել բանակին՝ ձեռքի հետ էլ բիզնես անելով: Հետո պատերազմում պետք է պարզվեր, որ բանակին պետք էր ոչ թե ելակ, այլ՝ կազմակերպված հրամանատարություն ու զենք, ինչը չկար: Հիմա հետպատերազմյան փուլում իբր ուզում են բարելավել սպաների նյութական վիճակը, բանակը փողի օգնությամբ դարձնել առավել գայթակղիչ, բայց պարզվում է, որ նույնիսկ կարգին զորամասեր էլ չունենք, տարրական պայմաններ անգամ չկան՝ ձմռան ցրտին ջերմանալու, տաքանալու: Ի դեպ՝ նույն բարձիթողի վիճակն է նաև դիրքերում, և նույնիսկ կան հենակետեր, որտեղ զինվորները գետնին են քնում:
Ինչո՞վ է պայմանավորված հայոց բանակի նկատմամբ նման վերաբերմունքը, արդյոք գործ չունե՞նք դավադրության հետ՝ հաշվի առնելով այն օբյեկտվ իրականությունը, որի պայմաններում այժմ ստիպված ենք ապրել: Այս հարցի պատասխանը ամեն մեկը թերևս ինքը պետք է գտնի՝ հիմնվելով սթափ դատողության ու գոյություն ունեցող փաստերի վրա:
Մյուս կողմից՝ բացառելու համար ապագայում նմանօրինակ դեպքերի կրկնությունը, պետք է լուծվի մեղավորներին ու նրանց ղեկավարներին պատասխանատվության ենթարկելու հարցը: Ընդ որում՝ դա չպետք է արվի քաղաքական իշխանությունների պատասխանատվության բեռի թեթևացման միտումով, քանի որ խոշոր հաշվով հենց նրանք են ամենագլխավոր պատասխանատուները: Հայաստանում հստակորեն պետք է գործի պատժի ու խրախուսման ինստիտուտը, առանց որի անհնար է նորմալ պետության կառուցումը:
Այս նյութը դիտել են - 710 անգամ