Թուրքիան մեզ չի սպառնացել երբեք, ՀՀ-ն իր հարևանների հետ գնում է հարաբերությունների կարգավորման. Արսենյան
2023-01-17 14:59:00

Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում 1990-ականների ղեկավարների որդեգրած քաղաքականությունն է, որտեղ ռուսական ներկայությունը համարվում էր փրկօղակ, առանց որի հայ ժողովուրդը կկանգներ գոյաբանական խնդրի առջեւ, մասնավորապես նկատի ունենալով Թուրքիային։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը։
Արսենյանի կարծիքով՝ ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում ոչ թե Հայաստանի պաշտպանությանն էր միտված, այլ Թուրքիայի դեմ ուղղված սպառնալիք էր:
«Թուրքիան մեզ չի սպառնացել երբեք, մենք անկախ պատմության մեջ նման փաստ չունենք։ Եթե ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում չլինի, Հայաստանը որեւէ վտանգ չներկայացնող երկիր է լինելու, այդ թվում նաեւ Թուրքիայի համար, եւ մենք վերածվելու ենք կողքի հարեւանի, որը ոչ մի վտանգ չի ներկայացնում, ինչպես հիմա վտանգ չենք ներկայացնում Վրաստանի եւ Իրանի համար։ Մեր հասարակությունը քաղաքականապես կհասունանա եւ կհասկանա, որ ինքը պետք է տարածաշրջանային նույն ալգորիթմների մեջ լինի, որ ոչ մեկի պետք է չսպառնա, ոչ մեկը մեզ պետք է չսպառնա եւ պետք է լինի համագործակցություն»,- նշեց Արսենյանը։
Ըստ պատգամավորի՝ Հայաստանի անվտանգային հարցերով զբաղվում է հայկական բանակը։ ԶՈՒ-ն է մեր անվտանգային առաջին կոմպոնենտը, ռուսականը՝ երկրորդ կամ երրորդ բաղադրիչն է։
«Մենք 44-օրյա պատերազմի ժամանակ էլ տեսանք, որ ռուսական որեւէ մասնակցություն չկար։ Լուծումը եղավ, այն ինչ եղավ, դրա համար մենք պետք է մտածենք փոփոխություններ անելու մասին։ Իսկ ռուսական քաղաքական միտքը տրանսֆորմացիայի է ենթարկվելու, սրա մասին ասում է հենց ռուս-ուկրաինական պատերազմը։ Իրենց պատկերացումներն իրենց առաքելության, կողքի երկրների մասին կամաց-կամաց փոխվելու են եւ արդեն փոխվում են։ Ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում այն քաղաքակրթական պատկերացումների արդյունքն էր, որը կար երկրի պետականությունը ստեղծելու առաջին տարիներին։ Ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում հավերժ չէ։ Հայաստանն իր հարեւանների հետ գնում է հարաբերությունների կարգավորման, բարիդրացիական հարաբերությունների հետագա հնարավոր զարգացում ապահովելու, որի արդյունքում ռուսական ռազմական ներկայությունը որպես անվտանգության երաշխիք դառնալու է անկարեւոր, ինքը չի լինելու սպառնալիքների դեմ համար մեկ պատնեշը։ Դա ժամանակի հարց է, եւ այդ ժամանակը մոտենում է»,- ընդգծեց Արսենյանը։
Այս նյութը դիտել են - 910 անգամ