Արցախն է սոված, կուշտերն են աղաղակում...
2023-01-15 23:23:00
Սովորաբար էջս մաքուր եմ պահում` շնորհիվ իմ բազմաթիվ ընթերցողների, շնորհիվ ինձ հարազատ դարձած հրաշալի ընկերական միջավայրի, ովքեր հեռու թե մոտիկ հավատարմորեն կանգնած են կողքիս։
Բայց վերջերս անկոչ հյուրեր ունեցա մի հրապարակման շուրջ, որ ես չէի տեղադրել, ինձ հետ կիսվել էին։ Եվ ի՞նչ...
Ականատես եղա անձանց, որ կարող էին դիմացինին հոշոտել, եթե դեմ դիմաց հայտնվեին։ Այն ի՞նչ ծաղրուծանակ, ինչպիսի՞ քամահրանք, վիրավորական բառեր, լատինատառ թե անգրագետ հայերենով խոսքերի տարափ...
Եվ հետաքրքիրը ո՞րն էր, որ նրանցից ոչ մեկը իմ ընկերության մեջ չկար։ Նոր անդեմ դեմքեր, որ արցախցիներին «ճիշտ» ճանապարհ են ցույց տալիս...
Կարծես պիտի արտաքուստ սրտացավ լինեին, բայց նրանց խոսքերում բոլոր մեղքերի կրողն է արցախցին, որ մինչև հիմա Արցախը չի միացվել Հայաստանին, որ արցախցիները թույլ տվին` «քայլողները» իշխանության գան, որ Արցախը հույսը դրել է փրկիչների վրա... Ու խառնեցին իրար Վարդանյանի «ազգուտակը»։
Հետաքրքիրը ո՞րն էր... Ես զգացի, որ իմ «տարածքը» թատերաբեմ են դարձրել նրանք, որ իրենց սրտի մաղձը թափեն ով իրենց «դեմ դիմաց» կհայտնվի...
Բայց մտածում եմ` Արցախն է սոված, կուշտերն են աղաղակում, մենք ենք շրջափակված, բայց նրանք են կապանքներից դուրս եկածների տպավորություն թողնում, մենք ենք լույսից զրկված, բայց նրանք են խավարի մեջ խարխափում....
Ի՞նչ ենք եղել, ինչ դարձանք, երբ չարենցյան պատգամը` հայ ժողովրդի փրկությունը հավաքական ուժի մեջ տեսնելը, կասկածի տակ է դրված։
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 1039 անգամ