Բաքուն նախապատրաստվում է ռազմական սադրանքի. ինչպե՞ս կհակազդի Հայաստանը
2023-01-14 16:19:00
Արցախի շուրջ ստեղծված անմարդկային իրավիճակին զուգահեռ Բաքվից չեն դադարում հնչել ռազմատենչ հայտարարություններ: Այն բանից հետո, երբ Ալիևն իր ասուլիսում, ըստ էության, վերջնագիր ներկայացրեց Հայաստանին՝ տրվելու բացառապես Բաքվի բարի կամքին, այդ երկրի պաշտպանության նախարար Հասանովն է կրկին հանդես եկել սադրիչ հայտարարություններով ու գործողություններով: Ծառայողական խորհրդակցություն է անցկացրել և հանձնարարականներ տվել: Ադրբեջանական կողմը, ըստ այդմ, իրականացրել է հայ-ադրբեջանական «պայմանական» սահմանին և ռուսական խաղաղապահ զորակազմի ժամանակավոր տեղակայման տարածքներում գործողության պայմանների ծավալուն վերլուծություն՝ հանգելով այն եզրակացությանը, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է պատրաստ լինեն՝ «հայկական կողմի սադրանքներին» դիմակայելու համար:
Ինչպես նկատում են ռազմական փորձագետներն ու քաղաքական վերլուծաբանները, Հասանովը կրկին անցել է իրեն բնորոշ հակահայ լեքսիկոնին, ինչը վկայում է այն մասին, որ իրավիճակը տարածաշրջանում բավական պայթյունավտանգ է դարձել, և ամեն պահ հնարավոր է ռազմական իրական բախում: Այսպիսով՝ մի կողմից՝ Բաքուն փակ է պահում Լաչինի միջանցքը՝ արցախահայերին սովամահ անելու ու դրանով ստիպելու արտագաղթել, մյուս կողմից պատրաստվում է հարձակվել Արցախի ու Հայաստանի վրա՝ հերթական արկածախնդրության դիմելով:
Ինչի՞ հետևաքն կարող է լինել Բաքվի ագրեսիվության աճն այն դեպքում, երբ հայաստանյան պաշտոնական շրջանակներից չեն դադարում հնչել այնպիսի հայտարարություններ, որոնցից պարզ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կատարելապես ձեռք է քաշել Արցախից: Ավելին՝ ոչ միայն ձեռք է քաշել Արցախից, այլև՝ասենք ՀԱՊԿ-ից՝ թուրքերին չգազազեցնելու, ինչի մասին, ի դեպ, Փաշինյանը հայտարարել էր իր ասուլիսի ժամանակ՝ փորձելով հիմնավորել, թե ինչու է Հայաստանը չեղարկել ՀԱՊԿ զորավարժություններն իր տարածքում:
Շատ խորաթափանց մեկը լինել պետք չէ՝ հասկանալու, որ Բաքվի ախորժակի մեծացման պատճառը հենց Երևանի այսօրինակ անատամ կեցվածքն է, ու մինչ ՔՊ-ականները վախվորած աչքերով դարձել են նապաստակ թուրքական գորշ գայլի առաջ, Թուրքիայի փոքր եղբայր Ալիևը անթաքույց կերպով նոր պատերազմի է պատրաստվում՝ հայ-ադրբեջանական սահմանը հռչակելով՝ պայմանական, ինչը նշանակում է, որ Բաքուն չի ճանաչում ՀԽՍՀ սահմանները և մտադիր է վիճարկել ՀՀ սահմանների հարցը՝ այն արյամբ գծելով, ինչի մասին խոսել էր Ալիևը՝ Երևանին մեկ տարի ժամանակ տալով:
Որ այս ամենի վերջը լինելու է տոտալ պատերազմը, այլևս քչերն են կասկածում: Ուստի մնում է ոչ թե տարվել խաղաղության մասին անիրական երազներով, այլ հասկանալ՝ որքանով է պատրաստ Հայաստանը՝ պայքարելու արևի տակ իր տեղի համար: Հստակ է, որ եթե Հայաստանին չհաջողվի կոնսոլիդացնել իր ուժերը ոչ միայն ռազմական, այլև դիվանագիտական դաշտում՝ գտնելու վստահելի դաշնակիցներ ու նրանց հետ պայմանավորվելու, Երևանը ֆիզիկապես չի կարողանալու դիմակայել թուրք-ադրբեջանական տանդեմին միայնակ, քանզի եթե նույնիսկ առյուծը մենակ է, իսկ շնագայլերը՝ շատ, վերջնարդյունքում հզոր այդ գազանն էլ է հանձնվում՝գիտակցելով իր անզորությունը տասնյակ շնագայլերի առաջ:
Այս նյութը դիտել են - 603 անգամ