Ո՞րը պետք է լինի Սփյուռքի առաքելությունը հենց հիմա
2023-01-09 15:15:00
 Մի քանի օրից կլրանա մեկ ամիսը, ինչ Բերձորի միջանցքում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ արցախահայությունը հայտնվել է կյանքի ու մահվան ճամփաբաժանին:
Փաստ է, որ աշխարհն ու ուժային կենտրոնները ոչ մի գործուն քայլ չեն արել՝ իրավիճակը փոփոխության ենթարկելու ու հումանիտար ճգնաժամին վերջ դնելու համար: Ամենացավալին, սակայն, այն է, որ Հայաստանում նույնպես ձևավորվել է մի յուրատեսակ անտարբերություն, որի կրողներն են դարձել ոչ միայն իշխանությունները, այլև գրեթե բոլորը՝ ինչ-ինչ բացառություններով:
Այժմ, երբ բոլորը բոլորին քննադատում են, մեղադրում, քննադատության թիրախում է հայտնվում նաև Սփյուռքը: Ոմանք նույնիսկ շտապում են Սփյուռքի իրական ներուժի մասին պատկերացումները հռչակել՝ հորինածին՝ համարելով, որ եթե պոտենցիալն իրական լիներ, ապա Ադրբեջանն այսօր պետք է հայտնված լիներ միջազգային լրջագույն ճնշումների տակ՝ չկարողանալով դիմակայել հավաքական հայության ընդվզմանը:
Բայց բանն այն է, որ իրականում նմանօրինակ տեսակետները թերի են ու հաշվի չեն առնում կարևորագույնը՝ Հայաստանի գործոնը: Խնդիրն այն է, որ Սփյուռքը, որքան էլ հզոր կամ կազմակերպված, միայնակ ոչինչ անել չի կարողանալու, եթե իր թիկունքին չունի Հայաստանը: Այս առումով Սփյուռքը պետք է լրացնի Հայաստանի կողմից կատարվող աշխատանքը՝ այն ավելի արդյունավետ դարձնելու ու դրան ավելի մեծ մասշտաբ հաղորդելու՝ «Մեկ ձեռքը ձեռք է լվանում, երկու ձեռքը՝ երես» բանաձևով: Բայց ի՞նչ անել, երբ ձեռքն է՛լ ձեռք չի լվանում կամ չի ցանկանում նույնիսկ թրջվել:
Այս հարցի պատասխանը, ցավոք, այսօր ոչ ոք չունի:
Ցավն այն է, որ Հայաստանի ղեկավարությունը բոլորին հստակ ուղերձ է հղում այն մասին, որ Արցախը չի դիտարկում որպես Հայաստանի անբաժան մասնիկ՝ միջազգային դերակատարներին հռչակելով գլխավոր պատասխանատու՝ չնայած այն փաստին, որ արցախցիները ՀՀ քաղաքացիներ են, ինչը ենթադրում է անտարբերության բացառում: Ավելին՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակն իշխանությունների համար շատ լավ առիթ է դարձել՝ է՛լ ավելի խորացնելու Հայաստան-Արցախ անջրպետը, օտարվելու:
Այս իրավիճակում Սփյուռքն անկարող է որևիցե էական բան անել, իսկ եթե այս ամենին գումարվում է իշխանությունների հակասփյուռքյան վարքն ու բարքը, պատկերն իսկապես ամբողջական է դառնում:
Ստեղծված իրավիճակը հղի է համազգային ճգնաժամ հարուցելու պոտենցիալ ունեցող լիցքերով, ինչը պետք է կանխել բոլոր հնարավոր միջոցներով: Սփյուռքի գլխավոր առաքելությունը թերս հենց այդ ճգնաժամի կանխարգելումն է լինելու, որը հաջողությամբ պսակելու իրական ներուժ իսկապես առկա է: Մնում է միայն այն ճշգրտորեն բանեցնել՝ հստակ արդյունք ստանալու:
Այս նյութը դիտել են - 760 անգամ