Մենք սոված չենք, բայց թշնամին մեզ տանում է սովամահության
2023-01-08 09:34:00
Կարդում կամ լսում եմ շա՜տ-շատերի խոսքը ու մտածում, թե որքա՜ն շատ քար շպրտողներ կան մեր «բոստանը», որքա՜ն շատ մեր «աչքը հանողներ» կան, որքա՜ն միմյանց քարկոծողներ, որքա՜ն շատ նորելուկ «քաղաքական վերլուծաբաններ» և ինչքա՜ն շատ արցախցիներին <«խելքի բերողներ»։
Բայց այսքանը քիչ է, պակաս վնասարար չեն արցախցի ու հայաստանցի «սև ու սպիտակի» բաժանողները, հասցրել են տարբերակել, որ Արցախում շատ են ռուսախոսները` մոռանալով, որ 70 տարի արցախցին խորհրդային ժամանակներում, երբ դեռևս Ղարաբաղի հայկական ինքնավար մարզ էր, անգամ ադրբեջանցիների թեժ հայացքի տակ, հայերեն է խոսել, հայերեն գրել, հայերեն մտածել ու այսօր էլ ազգային կրթության պահապանն է, ազգային արժեքների կրողը` հայեցի դաստիարակությամբ, հայկական մշակույթի պահպանմամբ...
Մենք սոված չենք, բայց թշնամին մեզ տանում է սովամահության։ Գոնե այս օրերին լռեն նրանք, ովքեր արցախցիների կողքին միմյանց գլուխ են ջարդում իրենց «նիկոլականությամբ» կամ հակառուսական խմորումներով, երբ առայսօր հայրենիքում ենք ապրում վերջիններիս խաղաղապահների շնորհիվ։
Մենք հոգնել ենք նրանցից, ովքեր ձեռ չեն քաշում մեզ քրքրելուց` ելնելով այս կամ այն պաշտոնյայի հանդեպ ունեցած վերաբերմունքից։ Մենք հոգնել ենք նրանցից, ովքեր, մոռացած արտաքին թշնամուն, ցեխոտում են իրենց հարևանին, իրենց բարեկամին, ընկերոջը, ծանոթին թե անծանոթին` իրենց տգետ ու տափակ մտածողությամբ...
Արցախցին ունի մեծ սեր ու համակրանք Հայաստանի թե Սփյուռքի գիտակից հայության կողմից ու գիտի, որ նրանք հավատարմորեն միշտ իր կողքին են ուրախ թե տխուր օրերին։
Արցախը դեռ դիմանում է` խնայողաբար ապրելով...Վաղն էլ` ձմեռային արձակուրդից հետո, որոշ դպրոցների դասեր են սկսվում, այն դպրոցների, որոնք սննդի մատակարարման հետ առնչություն չունեն, իսկ մանկապարտեզների, երկարօրյա դպրոցների աշխատանքը մեկ շաբաթով կասեցվում է` կապված սննդի հետ։

Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 856 անգամ