Իշխանությունները պատրաստվում են տեղեկատվական պատերազմի. ո՞ւմ դեմ
2022-12-29 20:02:00

Իշխանությունները որոշել են «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրջագույն փոփոխություններ մտցնել. Միքայել Մինասյանի եղբայր Գրիգոր Մինասյանի նախարար նշանակվելուն գրեթե զուգահեռ Արդարադատության նախարարությունը առաջ է քաշել է մի գաղափար, ըստ որի՝ նախատեսվում է ժամանակավոր սահմանափակումներ մտցնել կարծիքի արտահայտման ազատության հարցում, տպագրող սարքերի, ռադիոհեռարձակող միջոցների, բազմացնող տեխնիկայի ժամանակավոր առգրավում կամ կալանք նախատեսել, ինտերնետային կայքերի, սոցիալական ցանցերի, ինտերնետային հավելվածների գործողության ժամանակավոր կասեցում, արգելափակում, ինտերնետ հասանելիության մասնակի կամ ամբողջական սահմանափակում մտցնել: կարճ ասած՝ որոշել են հայ հանրությանը տեղեկատվական բլոկադայի ենթարկել այն դեպքում, եթե հանկարծ ասնեք նույն Ադրբեջանը որոշի հարձակվել, պատերազմ սկսվի և այլն:
Նորմալ երկրներում ռազմական դրության պայմաններում ինֆորմացիայի հետ աշխատելու մշակույթը վաղուց է ձևավորևված: Ավելին՝ 44-օրյա պատերազմի ընթացքում նույն Ադրբեջանը ևս կիրառել էր բավական կոշտ սահմանափակումներ իր տեղեկատվական դաշտի համար՝ այն դնելով ռազմական ռելսերի վրա, և սա՝ հակառակ նրա, որ Հայաստանում նման սահմանափակումներ չէին կիրառվել՝ առնվազը տոտալ բնույթ կրող կամ լուրջ խոչընդոտեր առաջացնող:
Կապված Կառավարության այս մտայնության հետ՝ չեն կարող չառաջանալ միանգամայն ողջամիտ հարցեր: Օրինակ՝ արդյոք հենց հիմա նման նախաձեռնությամբ հանդես գալու պատճառը մոտալուտ պատերազմի անխուսափելիությո՞ւնն է՝ կապված նույն Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված անորոշ ճգնաժամային իրավիճակի հետ:
Կամ երկրորդ հարցը՝ որո՞նք կարող են լինել այն իրական նպատակները կամ վտանգները, որոնք կարող են բխել պլանավորվող փոփոխություններից:
Խնդիրն այն է, որ մտցնելով նմանատիպ սահմանափակումներ՝ նույնիսկ ինչ-որ իմաստով տեռորի տարրեր պարունակող, Կառավարությունը նպատակ ունի պատերազմի ժամանակ հայ հանրությանը ու նույնիսկ աշխարհին թողնել բացառապես պաշտոնական տեղեկատվության հույսին, իսկ հաշվի առնելով նույն 44-օրյա պատերազմում կուտակած հայ հանրության դառը փորձը՝ նման հեռանկարը խիստ կասկածելի ու անմխիթար է թվում:
Արծրուն Հովհաննիսյանի ու Լոս Անջելեսում մի քանի փնթիների ոգևորիչ կոչերն ու «ավետումները» դեռ ոչ ոք չի մոռացել, երբ հանկարծ պարզվեց, որ հաղթելու փոխարեն բանակը խայտառակ պարտություն է կրել:
Արդյոք իշխանությունների նպատակը 44-օրյա պատերազմի սցենարի կրկնությո՞ւնն է՝ տեղեկատվական վակուումի միջոցով սեփական մութ պլաններն արդյունավետորեն կյանքի կոչելու հեռանկարով, թե՞ սա իսկական, անկեղծ պատրաստություն է հնարավոր հաղթական պատերազմին, որը, ըստ ամենայնի, անխուսափելի է:
Կուտակված բացասական փորձն ակնհայտորեն լավատեսության տեղիք չի տալիս:
Գ.Մ.
Այս նյութը դիտել են - 1339 անգամ