Ադրբեջանը, ելնելով իր ստրատեգիական նպատակներից, թիրախավորել է ոչ միայն Հայաստանն ու Արցախը, այլև հայկական սփյուռքը
2022-12-28 19:47:00
Ադրբեջանը, ելնելով իր ստրատեգիական նպատակներից, թիրախավորել է ոչ միայն Հայաստանն ու Արցախը, այլև հայկական սփյուռքը՝ սփռված տարբեր աշխարհամասերում ու մայրցամաքներում:
Մասնավորապես՝ հայտնի է դարձել, որ Բաքվի միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնը պատրաստում է հերթական հաշվետվությունը՝ Մերձավոր Արևելքի հայ համայնքի մասին: Ընդ որում՝ սրանից առաջ կենտրոնը մանրամասն ուսումնասիրել էր Ֆրանսիայի, Ռուսաստանի և Արգենտինայի հայկական համայնքները՝ փաստ, որը պետք է Հայաստանին ու նույն Սփյուռքին շատ արագ սթափեցնող ազդակ դառնար՝ համախմբվելու մեկ ընդհանուր մարտահրավերի հաղթահարման օրակարգի շուրջ՝ թուրք-ադրբեջանական տանդեմի հեռահար ստոր նպատակները խափանելու:
Մի դեպքում, երբ թշնամին համախմբում է իր ուժերն ընդդեմ համաշխարհային հայության, օրվա հրամայականի է վերածվում այն հարցը, թե որքանո՞վ է համախմբված հայությունը, ի՞նչ ռեսուրսներ կան՝ մարտահրավերներին դիմակայելու համար, ինչպիսի՞ արդյունավետությամբ է իրականացվում հայրենիք-Սփյուռք փոխգործակցությունը, որո՞նք են կապող օղակներն ու շահերը և այլն:
Թվում է՝ հեղափոխությունը պետք է որ հավելյալ ստիմուլ հաղորդած լիներ հայերիս միասնականությանը՝ ավելի ամուր սոսնձով կապվելու միմյան հետ, ավելի արդյունավետորեն դիմակայելու թուրքերի հարձակմանը, գտնելու թուրքական թույնի հակաթույնը: Բայց ցավալին այն է, որ նույն Զարեհ Սինանայնի ու նրա այլ թիմակիցների անխոնջ ջանքերի հետևանքնով այսօր պառակտված է ոչ միայն Հայաստանը, այլև Սփյուռքը՝ իր ներքին կառույցներով: Իշխանություններին հաջողվեց Սփյուռքն էլ բաժանել սևերի ու սպիտակների, նիկոլականների ու հականիկոլականների՝ այդ բևեռների մեջ այնպսի մի սեպ խրելով, որ դեռ երկար տարիներ կպահանջվեն միայն այդ սեպն արանքից հանելու համար:
Ուսումնասիրելով հայկական Սփյուռքը՝ Ադրբեջանը, անկասկած, առաջնային նպատակ ունի՝ մշակելու այնպիսի գործիքակազմեր կամ բանաձևեր, որոնց օգնութամբ անտեսանելի կերպով հնարավորություն կունենա՝ խորացնելու տարաձայնություններն ու առաջ բերելու անհաղթահարելի խոչընդոտներ կամ նույնիսկ կառավարելու Սփյուռքի առանձին ազդեցիկ ներկայացուցիչներին՝ ասենք նրանց կաշառելով կամ գտնելով նրանց թույլ կողմը: Այդ հարցում, անկասկած, թուրքերի դաշնակիցը կարող է դառնալ նաև Հայաստանի թրքասեր իշխանությունը, որի համար Սփյուռքը շատ իմաստներով դիտարկվում է որպես քաղաքական խոչընդոտ, քանի որ այն գաղափարները, որոնք առաջ են մղում հեղափոխականները, տրամագծորեն հակասում են հայկական շահերին ու այդ շահերի գլխավոր շահառուներից մեկի՝ Սփյուռքի ունեցած ազգային նպատակներին:
Սփյուռքի դեմ պայքարում Ադրբեջանի ու Թուքիայի թիվ մեկ դաշնակիցներն այսօր հայաստանյան իշխանություններն են, և դա է պատճառը, որ այսօր Սփյուռքը մեծապես օտարված է մնում հայրենիքից՝ ստիպված լինելով փաստացի միայնակ դիմակայել բազմաբնույթ մարտահրավերներին ու թուրքական սպառնալիքին՝ Հայաստանից թիկունքին հասցվելիք հարվածի մշտական վտանգով:
Այս նյութը դիտել են - 970 անգամ