Հայաստանը՝ խաղամոլության ճիրաններում
2022-11-24 09:05:00
Ֆինանսների նախարարությունը մի վիճակագրություն է հրապարակել, որից պարզ է դառնում, թե որքան խորն է հայ հանրությունը թաղվել խաղամոլության ճահճում: Ըստ այդմ՝ վերջին 5 տարվա ընթացքում բուքմեյքերական ընկերությունների կողմից ընդունված խաղադրույքների ծավալը 138,5 մլրդ դրամից հասել է տրիլիոնների։
2017-ին՝ 138,5 միլիարդ դրամ
2018-ին՝ 333,6 միլիարդ դրամ
2019-ին՝ 1,1 տրիլիոն դրամ
2020-ին՝ մոտ 2 տրիլիոն դրամ
2021-ին՝ 3,9 տրիլիոն դրամ
2022-ի առաջին 9 ամսում՝ 4,2 տրիլիոն դրամ:
Խնդիրը չափազանց զգայուն է ու բավական բնութագրական: Փաստն այն է, որ հեղափոխությունից այսկողմ խաղամոլությունը Հայաստանում աճել է երկրաչափական պրոգրեսիայով՝ փաստացի տասնապատկվելով:
Ինչի՞ մասին է խոսում այս վիճակագրությունը:
Խաղամոլությունը մակաբույծ մտածելակերպի, ինչպես նաև հոգեբանական խորը, հաճախ անտեսանելի բնույթ կրող խնդիրների հետևանք է:
Չունենալով նոորմալ փող աշխատելու հնարավորություն՝ շատ մարդիկ հաճախ ընկղմվում են խաղամոլության ճահիճը՝ միանգամից հարստանալու ինքնախաբեությանը տրվելով: Խաղամոլության այս աստիճան մեծ ծավալները խոսում են շահումով խաղերի գովազդի ու դրա պատվիրատուների արդյունավետ ներգործության մասին, որը պետք է որ անհնարին լիներ, եթե պետությունը ժամանակին ու ճիշտ գործիքակազմի օգնությամբ կանխեր յուրատեսակ սոցիալական այս աղետը: Այնինչ բնավ գաղտնիք չէ, թե ասենք նույն Ալեն Սիմոնանն ինչ հարաբերությունների մեջ է գտնվում նույն «Վիվարոյի» տիրոջ հետ և այլն:
Այսինքն՝ մարդիկ, խաղաղմոլության մեջ ընկնելով, աղքատանում են, իսկ մերձիշխանկան շրջանակները՝ հարստանում՝ աշխատած միջոցների մի զգալի մասը ուղարկելով վերև՝ ընտրյալ ՔՊ-ականներին:
Փաստ է, որ հայաստանյան հանրությունը խորը սոցիալ-տնտեսական ու սոցիալ-հոգեբանական խորը ճգնաժամի մեջ է գտնվում, որի դրսևորումները նույնքան աղետաբեր են, որքան դրանք ինքնին:
Այս նյութը դիտել են - 1098 անգամ