Ընդդիմությունը ջուր կլցնի՞ իշխանությունների ջրաղացին
2022-11-11 11:34:00
Ընդդիմությունը կարծես մտադիր է վերադառնալ խորհրդարան՝ դատելով հնչող հայտարարություններից ու դրանց մեկնաբանություններից: Օրինակ՝ ՊՈՒ-ից Հայկ Մամիջանյանը, մեկնաբանելով Թագուհի Թովմասյանի հայտարարոթյունն այն մասին, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հաջորդ շաբաթ վերադառնալու է խորհրդարան, հայտարարել է՝ խորհրդարան հնարավոր վերադարձը չի ընկճելու ընդդիմության պայքարի ոգին, այլ ընդամենը դառնալու է գործիք՝ իշխանությունների դեմ ավելի արդյունավետ պայքար տանելու համար: 
Ըստ Մամիջանյանի՝ Հայաստանի և Արցախի շուրջ ծավալվող զարգացումները անխուսափելիորեն հանգրվանելու են Ազգային Ժողովում, ինչպես նաև Սահմանադրական դատարանում, ուստի թե՛ առաջին, թե՛ երկրորդ դեպքում պատգամավորական մանդատը հնարավորություն է տալիս պայքարի հավելյալ ճակատներ ապահովել:
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընդդիմությունը ամիսներ ի վեր՝ գարնանից սկսած, հրաժարվում է սիստեմատիկորեն մասնակցել խորհրդարանի աշխատանքներին՝ դրանով ի ցույց դնելով իշխանությունների նկատմամբ ունեցած վերաբերմքունը: Իշխանական որոշ պատգամավորներ ուրախությամբ են ընդունել ընդդիմության՝ ԱԺ վերադարձի հնարավորությունը՝ մեծապես կարևորելով ընդդիմության դերը խորհրդարանի բնականոն աշխատանքներում:
Իրականում այն, որ իշխանությունները ոգևորվել են ընդդիմության հնարավոր վերադարձով, ընդդիմությանը պետք է որ լավ բան չհուշի: Իշխանությունների իրական նպատակը ոչ թե ընդդիմության քննադատությունները լսելն ու դրանից ազդվելն է, այլ՝ լեգիտիմացումը:
Ասել կուզի՝ խորհրդարան վերադարձը շատ ավելի ռիսկային է դառնալու ընդդիմության, քան իշխանությունների համար՝ չնայած ընդդիմադիրները կարծես խոստանում են բուռն պայքար մղել իշխանությունների դեմ արդեն խորհրդարանում:
Բանն այն է, որ ըստ որոշ ծանրակշիռ գնահատականների ու վերլուծությունների՝ Հայաստանի համար առաջիկա ամիսները կարող են ճակատագրական լինել, իսկ դա նշանակում է, որ ճակատագրական որոշումներ ընդունելիս իշխանությունները կարիք են ունենալու լեգիտիմության, որպեսզի կարողանան միջազգային ասպարեզում կապիտալիզացնել իրենց պոտենցիալը՝ կասկածի տակ չդնելով ընդունվելիքի արժեքը:
Իրավիճակը ընդդիմության համար ռիսկային է նրանով, որ նրանց չի հաջողվելու հնարավոր վատ որոշումների միակ պատասխանտու կարգել իշխանություններին, իսկ սա հղի է վարկանիշի կորստի լրջագույն վտանգով՝ նկատի ունենալով հատկապես այդ հարցում ընդդիմության ունեցած թույլ դիրքերը:
Միևնույն ժամանակ բոլորն են հասկանում, որ երկրի վիճակն այնպիսին է, որ ցանկացած քայլ՝ իրավիճակը փրկելուն ուղղված, միանգամայն հանդուրժելի ու հասկանալի է լինելու նաև ժողովրդի համար, քանի որ հիմա մի իրավիճակ է, երբ առաջնորդվելը բացառապես նեղկուսակցական կամ անձնային շահերով կարող է դիտակվել՝ դավաճանություն, եթե, իհարկե, դավաճանություն չդառնա հենց խորհրդարան վերադարձը: Ընդդիմությունը կամա-ակամա վերածվելու է իշխանությունների համար յուրօրինակ ռեսուրսի՝ զրոյական քաղաքական կապիտալ կուտակելով:
Այս նյութը դիտել են - 1427 անգամ