Երևի այս մեկ օրինակն առավել տեսանելի կդարձնի, թե մենք ինչու այս օրին ենք.Նատաշա Պողոսյան
2022-10-03 00:00:00
Մի կտոր երկինք է մեզ բաժին հասնում, ու այդ երկնքի տակ ծվարած երկիր, բայց շուրջը որքա՜ն շատ մսխողներ, խաբեբաներ, շահամոլներ...Ու մասնատված ժողովուրդ և անզորության մատնված մի բուռ գիտակից խավ, որ հայտնվել է ներքին ու արտաքին թշնամիների, գերտերությունների գզվռտոցին ականատես։ 
Մենք ի՞նչ ենք անում։
 Երևի այս մեկ օրինակն առավել տեսանելի կդարձնի, թե մենք ինչու այս օրին ենք։ 
Օրեր առաջ` սեպտեմբերի 14-ին, մի նյութ կարդացի, որ Երևանի քաղաքապետարանը 24 միլիոն դրամի 60 հազար ավել է գնել։ Սեպտեմբերի 14-ը Հայաստանի դեմ լայնածավալ պատերազմի երկրորդ օրն էր, երբ երիտասարդ կյանքեր էին մատաղվում, ավերվում սահմանային գյուղեր, քաղաքներ...Երբ գերեվարվում էին մեր տղաները, կորցնում էին դիրքեր...
Մենք այդ օրերին կորցնում էինք հայրենիք, երբ այդ հայրենիքի պետական բյուջեից միլիոնների ավել էր գնվում։ 60 հազար ավել, որ սրբվեր երկրի կեղտը, որ մաքուր լիներ Երևանը, երբ թշնամու հայացքը մայրաքաղաքի վրա էր։ Գոնե չգրվեր, այն էլ` այդ օրը...
Մենք այսպես ենք մասնատված` մարդկային կորուստների և հազարավոր ավելների գնումների հարաբերությամբ, մի տեղ ավելների հարց է, մեկ այլ տեղ` կորցրած հայրենիքի ահռելի ցավ... Երբեմն թվում է` ոմանց մարդկային ուղեղներն էլ սրբել են...
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 1369 անգամ