Ադամ Շիֆը՝ ադրբեջանական հարձակման մասին
2022-09-27 23:42:00
Վերջին հարձակումներն ապացույցն են այն բանի, որ Ադրբեջանը շարունակելու է ահաբեկել Արցախի և Հայաստանի ժողովրդին, քանի դեռ չի հասել իր նպատակներին։ Կովկասում կայունություն հաստատելու միջազգային հանրության ջանքերի նկատմամբ Ալիևը արհամարհանքից բացի այլ բան չունի, և նրան պետք է կանգնեցնել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը:
Նա խոսել է Ալիևի պատերազմական ձգտումների մասին ու հայտարարել. «Քանի դեռ իրական հետևանքներ չեն եղել, Ալիևը կշարունակի ընդլայնել իր պատերազմը և ավելի շատ անմեղ կյանքեր կկորեն։ ԱՄՆ-ը պետք է վճռական և բովանդակալից գործողություններ ձեռնարկի Ադրբեջանի դեմ: Մենք պետք է ընդմիշտ դադարեցնենք ցանկացած օգնություն Ալիևի ռեժիմին, պահանջենք ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, կիրառել պատժամիջոցներ և հետապնդել ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար։ Ես և իմ գործընկերները կշարունակենք հրատապ կարգով հետամուտ լինել Կոնգրեսում օրենսդրությանը այս նպատակներին հասնելու համար, և մենք չենք հանգստանալու այնքան ժամանակ, քանի դեռ Միացյալ Նահանգները քայլեր չի ձեռնարկել»:
Վերջում նա ցավ ու ափսոսանք է հայտնել այն հայերի ու իր ընտրողների համար, ովքեր հարազատներ են կորցրել ադրբեջանական հարձակումների հետևանքով։
Այս նյութը դիտել են - 2820 անգամ