Հայկական ինքնության ու ինքնագիտակցության նոր փորձությունը
2022-08-10 10:09:00

Հայաստանյան սոցցանցային տիրույթում բավական մեծ աղմուկ է բարձրացրել ու տարակուսանքի տեղիք տվել օգտատերերից մեկի կողմից հրապարակված լուսանկարը, որտեղ պատկերված են Ատաթուրքի պատկերով Հայաստանում վաճառվող դպրոցական պայուսակներ: Օգտատերը նշել էր վայրը`Երևանի Ուրարտու առևտրի կենտրոն, որտեղ վաճառվում են նման պայուսակներ, բայց համապատասխան առևտրի կենտրոնը հերքել է իր մեղքը՝ վստահեցնելով, որ առևտրի կենտրոնում նման պայուսակներ չեն վաճառվում:
Էականը, սակայն ոչ թե այն է, թե երևանյան կոնկրետ որ առևտրի կենտրոնում են նման պայուսակներ վաճառվում, այլ՝ այն, որ դրանք ընդհանրապես վաճառվում են մի դեպքում, երբ թվում է՝ պետք է բացառվեր նման ապրանքների վաճառքը մի երկրում, որն ուղղակիորեն տուժել է ատաթուրքերի հայադավ ծրագրերից ու գործողություններից՝ ենթարկվելով ցեղասպանության:
Խնդիրը ոմանց կարող է թվալ ընդամենը կենցաղային մի դրվագ: Թուրքական ապրանքների նկատմամբ սահմանված էմբարգոն Հայաստանում տևական ժամանակ է՝ չեղարկվել է, և բնական է, որ թուրքական ծագման ապրանքների վրա կարող են և պատկերված լինել Թուրքիայի ազգային հերոսներն և այլն:
Բանն այն է, սակայն, որ Թուրքիայի բազմաթիվ ազգային հերոսներ, Էդրողանի կողմից այսօր փառաբանվող զորավարներ ու պետական գործիչներ հանդես են գալիս որպես հայ ժողովրդի դահիճներ: Օրինակ՝ Էնվերն ու Թալիաթը թուրքիայում գրեթե պաշտամունքի առարկա են դարձել, բայց դրանք հայոց մեջ սատանային հավասար կերպարներ են ընկալվել ու ընկալվում, ինչն օբյեկտիվ իրականության հետանք է: Հիմա, եթե վաղն էլ Ջեմալ փաշայի կամ ասենք Էնվերի ու Թալիաթի դիմապատկերներով պայուսակներ վաճառվեն Հայաստանում, ի՞նչ պետք է անենք կամ արդյոք կստացվի՞ իշխանությունների ադեկվատ արձագանքը՝ նկատի ունենալով ազգային անվտանգությանը սպառնացող վտանգը՝ եկող այդ ամենից:
Թուրքական շահի տեսանկյունից հրաշալի կլինի, եթե մարկետինգային հնարքներով հնարավոր լինի ազդել մատաղ սերնդի գիտակցության վրա ու ցեղասպանների հանդեպ առնվազը չեզոքություն ներշնչվի՝ ստիպելով թուլացնել ինքնապաշտպանական բնազդը՝ հատկապես, որ իշխանություների կողմից օրուգիշեր քարոզվում է խաղաղասիրություն ու հաշտություն թուրքի հետ, Հայոց ցեղասպանության օրակարգը փաստացի դուրս է եկել պետության օրակարգից և այլն:
Եթե սահմանները բացվեցին ու թուրքերի հետ հարաբերություններ հաստատվեցին, ապա Ատաթուրքի դիմանկարով դպրոցական պայուսակների ազատ վաճառքը նվազագույնն է լինելու, ինչին բախվելու է հայկական ինքնությունը:
Այս նյութը դիտել են - 490 անգամ