Վանեցյանի մարտահրավերը՝ «Հայաստան» դաշինքին
2022-06-21 16:49:00

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հունիսի 21-ին պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել՝ ֆեյսբուքյան գրառմամբ հայտնելով՝ «Հայրենիք» կուսակցության որոշմամբ՝ դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ-ի հետ ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքը:«Ես մի քանի անգամ հրապարակայնորեն հայտարարել եմ, որ ինձ այլևս չեմ տեսնում այս խորհրդարանում։ Պատճառն ակներև է. ՀՀ քաղաքացին մեզ քվե էր տվել՝ այս իշխանությունների կործանարար գործունեությունը կասեցնելու և երկիրն աղետից դուրս բերելու համար։ Սակայն այս խորհրդարանը, իմ կարծիքով, դադարել է լինել նպատակին հասնելու արդյունավետ հարթակ…»,-մասնավորապես՝ հայտարարել է Վանեցյանը՝ վստահեցնելով՝ պայքարը շարունակվելու է ԱԺ պատերից դուրս:
Վանեցյանը, փաստորեն, հայտարարում է, որ սեփական մանդատը վայր է դնում՝ իշխանությունների դեմ տարած պայքարում կրած պարտության հետևանքով: Ընդ որում՝ նույնիսկ էական էլ չէ, թե նրա քայլը որքանով կկրկնօրինակեն նրա իսկ կուսակիցները, որքանով՝ ոչ, քանի որ ՊՈւ-ի «աչքը» հանդիսացող Վանեցյանի հեռանալով այդ խորհրդարանական ուժը փաստացի գլխատվում է:
Մյուս կողմից՝ ինքնին այս քայլը կարելի է յուրատեսակ մարտահրավեր դիտարկել՝ նույն «Հայաստան» դաշինքին: Հետաքրքիր կլինի տեսնել՝ ինչ քայլերի կդիմեն Վանեցյանի խորհրդարանական թիմակիցները սրանից հետո, բայց առավել հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչ կանեն ընդդիմության մյուս թևի ներկայացուցիչները, կվերադառնա՞ն ԱԺ ու կշարունակե՞ն ՔՊ-ի հետ քննարկել Հայաստանի ճակատագրի հարցը՝ չունենալով որոշումներ կայացնելու վրա որևիցե ազդեցություն թողնելու հնարավորություն, թե՞ կբոյկոտեն ու իրենք էլ վայր կդնեն մանդատները՝ նկատի ունենալով Վանեցյանի մատնանշած պարտության ընհանուր բնույթը:
Չմոռանանք, որ նույն փողոցային պայքարի առաջամարտիկը փաստացի Վանեցյանն էր, որին հետո միայն միացավ «Հայաստանը»: Հնարավո՞ր է, որ այս անգամ էլ նույն պատմությունը կրկնվի, թե՞ սա բոլորովին այլ խաղ է՝ բազում մութ կողմերով:
Բոլոր դեպքերում Արթուր Վանեցյանի քայլը մարտահրավեր է՝ ոչ միայն կամ գուցե նույնիսկ ոչ այնքան ՔՊ-ին, որքան «Հայաստան» դաշինքին՝ ցուցաբերելու վճռակամություն ու մանդատային կապանքներից ազատություն՝ արդյունքի հասնելու խոստմամբ:
Տենսենք՝ ինչ կստացվի, սա կլինի Վանեցյանի քաղաքական մահախոսակա՞նը, թե՞ նոր սկզբի մեկնարկը:
Գ.Մ.
Այս նյութը դիտել են - 1121 անգամ