Փնտրվում են պատասխանատուներ. ո՞վ է պարտության լիդերը
2022-06-16 13:49:00
Ուշագրավ իրավիճակ է հասունանում ընդդիմության երկու թևերի ներսում այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ նրանց մարտավարությունը փոփոխութան է ենթարկվում:
Իշխան Սաղաթելյանը մամուլի ասուլիս էր հրավիրել ու հանդես է եկել որոշ հայտարարություններով՝ վերաբերող ընդդիմության մյուս թևին: Մասնավորապես՝ անդրադառնալով Վանեցյանի՝ պայքարը շարունակել-չշարունակելու հարցին՝ Սաղաթելյանը դա համարել է նրա որոշելիքը՝ հռչակելով Արթուր Վանեցյանին «այս շարժման կարևոր մասնակիցներից մեկը»:
Այստեղ ուշագրավը Սաղաթելյանի` Վանեցյանին տված բնորոշումն է:
Բանն այն է, որ իրականում շարժումը սկսել ու առնվազը սկզբնական փուլում առաջնորդել էր հենց Վանեցյանը Ազատության հրապարակում: Այդ հետո «Պատիվ ունեմ»-ին միացավ «Հայաստան»-ը՝ իր ձեռքում կենտրոնացնելով շարժումը: Առնվազը սկզբնական փուլում թվում էր՝ դա տեղի է ունեցել՝ բացառելով ներքին մրցակցությունը, սակայն հետո շշուկներ տարածվեցին ներքին հակասությունների մասին: Հարց է առաջանում, թե այդ հակասությունները վերաբերում էին ընտրված մարտավարությա՞նը, թե՞ հենց լիդերության հարցին:
Ինքը՝ Սերժ Սագսյանը, խոսելով շարժման անելիքների մասին, օրերս դրա առաջնորդ էր ճանաչել Իշխան Սաղաթելյանին: Նկատենք, որ դա տեղի էր ունեցել մի փուլում, երբ շարժումն, ըստ էության, արդեն իսկ ձախողվել էր:
Ըստ այդմ հարց է առաջանում, թե Սերժ Սարգսյանը հենց ի սկզբանե Սաղաթելյանի՞ն էր համարել առաջնորդ, թե՞ նրան այդպիսին համարելը հենց այս փուլում կարող է պայմանավորված լինել Վանեցյանին պատասխանատվության բեռից ազատելու ցանկությամբ:
Բոլոր դեպքերում կասկած չկա, որ ջլատված ընդդիմությունը շատ ավելի հեշտ հաղթահարելի խոչընդոտ է իշխանության համար, քան միավորված ու մեկ բռունցք դարձած ընդդիմադիր միավորը: Հանուն արդարության արձանագրենք, որ ՊՈւ-ն մինչև վերջ կանգնեց «Հայաստան»-ի կողքին՝ ամեն կերպ օժանդակելով ընդդիմության փողոցային պայքարին, որն, ըստ էության, հենց ինքն էլ սկսել էր: Իսկ այն, որ նույն ՊՈւ-ում Իշխան Սաղաթելյանի հայտարարությունները կարող են չընդունվել միանշանակորեն, բնական է. քաղաքականության մեջ 100%-անոց ոչինչ չի լինում:
Գ.Մ.
Այս նյութը դիտել են - 1179 անգամ