Ալեն Սիմոնյանը Նիկոլից գաղտնի հանդիպում է կազմակերպել. Alternativ
2022-05-11 20:10:00
Արդեն տեղեկացրել ենք, որ հանրային անհնազանդությունների ֆոնի աճելուն զուգընթաց, ՔՊ-ականների ճամբարում խմորումներ են ընթանում։ Բազմաթիվ են իմքայլական պատգամավորները, ովքեր զբաղված են քաղաքական նոր «հայր» փնտրելով։
Այս ամենի համատեքստում` ՔՊ-ական թևի օլիգարխիայի մունետիկ Խաչատուր Սուքիասյանը, օգտվելով Նիկոլ Փաշինյանի բացակայությունից, հանդիպում է հրավիրել ՔՊ-ական որոշ պատգամավորների ու պաշտոնյաների հետ։
Alternativ.am-ի տեղեկություններով՝ սույն հանդիպումը կազմակերպել է Սուքիասյանի հետ «հազար թելով կապված» Ալեն Սիմոնյանը։ Հանդիպման ընթացքում ՔՊ-ական օլիգարխը տեղեկացրել է, որ միջազգային հանրությունը, մասնավորապես Ռուսաստանն ու Հավաքական Արևմուտքը, չեն պատրաստվում աջակցել Փաշինյանին, և ներկայանալով ՔՊ-ական իրականության միակ այլընտրանք` Սուքիասյանն առաջարկել է վարչապետի իր թեկնածությունը։
Նշելով, որ Փաշինյանը պատրաստվում է հրաժարական տալ ու «գցել» յուրայիններին, Սուքիասյանն ասել է, որ բազմաթիվ կոռուպցիոն սկանդալներով հայտնի ՔՊ-ական գործիչներին չի մնում անել այլ բան, քան զորակցել իրեն։
Հանդիպման ընթացքում Սուքիասյանը նշել է, որ կարճ ժամանակամիջոցում հարստացած իմքայլականները հարստությունը պահելու մի ձև ունեն` հարկ եղած պահին օրակարգ բերել Սուքիասյանին` որպես վարչապետի թեկնածու։
Նշվել է նաև, որ վերջինս այս թեմայով արդեն զրույցներ է ունեցել նաև խնամի Գագիկ Ծառուկյանի և երբեմնի դրկիցներ համարվող նախկին պաշտոնյաների հետ։ Արժանանալով ներկաների դրական վերաբերմունքին` Սուքիասյանը հորդորել է հանդիպման բովանդակության վերաբերյալ լուռ մնալ։
Մեր աղբյուրը փոխանցեց, որ այս ամենի մասին նույնիսկ ուժային կառույցների ղեկավարները տեղյակ չեն։ Ինչպես կհանգուցալուծվեն այս խմորումները` ժամանակը ցույց կտա, բայց որ «հողը փախչում է» Փաշինյանի ոտքերի տակից` փաստ է։
Այս նյութը դիտել են - 3239 անգամ