Ալեն Սիմոնյանի Բալի գործուղումն արժեցել է 18 մլն 348 հազար դրամ
2022-04-20 10:54:00
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության Բալի գործուղումը պետական բյուջեի վրա արժեցել է 18 մլն 348 հազար դրամ։ Գումարը ներառում է ավիատոմսը, օրապահիկը և հյուրանոցային ծախսերը։ Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Ազգային ժողովի աշխատակազմից։
Հիշեցնենք, որ 2022 թվականի մարտի 18-23-ը Ալեն Սիմոնյանը Ինդոնեզիայի Բալի կղզում ԱԺ աշխատակազմի և իշխանական պատգամավորների հետ մասնակցել է Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովին։ Պատվիրակության կազմում եղել է 11 հոգի։ Ավիատոմսի և հյուրանոցի համար ընդհանուր վճարվել է 17 մլն դրամ։
Իսկ ահա օրապահիկի համար ՀՀ կառավարության 2005 թվականի 2335-Ն որոշման համաձայն Ինդոնեզիա գործուղման մեկ օրվա համար տրվում է 44 դոլար։ Սա 11 հոգու վեց օրվա դեպքում ընդհանուր կազմում է 2904 ԱՄՆ դոլար, որը համարժեք է 1 մլն 348 հազար դրամի։ Արդյունքում ստացվում է, որ Բալիի գործուղումը պետբյուջեի վրա արժեցել է  18 մլն 348 հազար դրամ։ Գերատեսչությունից հայտնում են, որ Ալեն Սիմոնյանն ու պատվիրակության մյուս անդամները Բալի են մեկնել էկոնոմ դասի ինքնաթիռով և գիշերել են նույն դասի հյուրանոցում։
Այս նյութը դիտել են - 1620 անգամ