Ոստիկանության կարծիքով՝ Փաշինյանի «Մատ էլ թափ կտամ, պետք լինի՝ ուրիշ բան էլ թափ կտամ»-ը վերացական է և ոչ կոնկրետ
2022-03-16 14:40:00

Մարտի 2-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում ընդդիմության հասցեին հայտարարել էր․ «Մատ էլ թափ կտամ, պետք լինի՝ ուրիշ բան էլ թափ կտամ»։

Oragir.news-ը Ոստիկանությանը գրավոր հարցում էր ուղարկել՝ մասնավորապես հարցնելով, թե վարչապետի այս հայտարարությունը Ոստիկանության կողմից ուսումնասիրվե՞լ է որպես պաշտոնատար անձանց հասցված ծանր վիրավորանք, նյութեր նախապատրաստվե՞լ են, ոստիկանությունը այս հայտարարության մեջ առերևույթ հանցակազմ տեսնո՞ւմ է։

Ոստիկանությունից ստացել ենք հետևյալ պատասխանը․ « Ձեր կողմից ներկայացված տեղեկատվությանը հնարավոր կլինի իրավական գնահատական տալ միայն որոշ պարտադիր պայմանների առկայության պարագայում, մասնավորապես՝

1) գնահատման փուլում պետք է լուծված լինի վարչական կամ քրեական պատասխանատվության սուբյեկտ հանդիսանալու համար նախատեսված բավարար տվյալների (հատկանիշների) առկայության հանգամանքը,

2) վկայակոչված գործողությունը արտահայտությունը) չլինի վերացական բնույթի, այլ լինի հասցեագրված և պարունակի կոնկրետություն,

3) հասցեագրված գործողության վերաբերյալ պարզ լինի «տուժողի» սուբյեկտիվ ընկալման աստիճանը և դիրքորոշումը։

Միաժամանակ, ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-ին հոդվածով նյութեր չեն նախապատրաստվել »,- պատասխանել են ոստիկանությունից։ Այս պատասխանից ենթադրելի է, որ Ոստիկանությունը Փաշինյանի «թափ տալը» համարել է վերացական և ոչ կոնկրետ, դրա համար նյութեր չի նախապատրաստել։

Այս նյութը դիտել են - 1705 անգամ