Վահագն Խաչատուրյանը չկայացած տնտեսագետ ու չկայացած անձնավորություն է. զոհվածի մայր.PressTime
2022-03-14 19:51:00
Երեկ տեղի ունեցավ ՀՀ հինգերորդ նախագահ Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողությունը։ Երդմնակալության արարողությունից հետո Վահագն Խաչատուրյանն այցելեց Եռաբլուր զինվորական պանթեոն, որտեղ, մեղմ ասած, նրան չէին սպասում։
PressTime.am-ի տեղեկություններով, երբ Եռաբլուրում զոհված զինծառայողների ծնողները տեսել են Խաչատուրյանին, բարկացել են։ Ծնողներից մի քանիսը պահանջել են, որպեսզի նա չմոտենա իրենց որդիների շիրիմներին՝ նշելով, որ իրենք չեն ընդունում Խաչատուրյանին որպես ՀՀ նախագահ։
«Այդ ո՞ւր եք գնում։ Երեսուն տարի առաջ էդ տղերքը հաղթեցին, որ դուք բերեք մեր սերունդներին պառկեցնեք էդ հաղթանակածների կողքն ու այն էլ՝ պարտությա՞մբ։ Նայեք՝ ինչ քամի է բարձրացել, մեր տղերքն էլ չեն ուզում, որ քո նման ճիվաղները ստեղ գան ու պղծեն էս սուրբ տեղը»,-ասել է զոհված տղաներից մեկի մայրը։
Ականատեսները պատմում են, որ եղել են հարազատներ, ովքեր չեն թողել, որ Վահագն Խաչատուրյանն իրենց որդիների շիրիմներին մոտենա։ Ծնողները մեղադրել են նրան պարտության մեջ՝ նշելով, որ ով կապ ունի այս իշխանության հետ, նա դավաճան է։
Նշենք, որ Վահագն Խաչատուրյանի՝ Եռաբլուր այցի ժամանակ, մի քանի տասնյակ զինվորականներ, ոստիկաններ և ռազմական ոստիկաններ հսկել են Եռաբլուրն ու խոչընդոտել են ծնողների այցն իրենց որդիներին այն հատվածով, որտեղ գտնվել է Խաչատուրյանը։ Սա ավելի է բարկացրել ծնողներին։
«Ո՞վ եք դուք, որ մեզ արգելել եք այցելել մեր որդիներին, մարդասպաններ»,-վրդովված բղավել են ծնողները։
Ուշագրավ է, որ Վահագն Խաչատուրյանն այդպես էլ չի այցելել պանթեոնի այն հատված, որտեղ գտնվում են 44-օրյա պատերազմում զոհված հերոսների շիրիմները։ Նախագահականի կայքում տեղադրված լուսանկարներն էլ դրա վառ ապացույցն է։
Ծնողներից մեկն էլ պնդել է, որ դեռևս մինչև 2002 թվական Նիկոլ Փաշինյանն ու Վահագն Խաչատուրյանը միջանձնային վատ հարաբերությունների մեջ են եղել։ Նա վստահեցրել է, որ շատ լավ է ճանաչում Վահագն Խաչատուրյանին․ «Ես գիտությունների դոկտոր եմ և այս մարդուն լավ եմ ճանաչում, նա չկայացած տնտեսագետ ու չկայացած անձնավորություն է, մինչև այս վերջերս Նիկոլ Փաշինյանն ու ինքն իրար հետ լեզու չէին գտնում, իսկ հիմա մարդասպաններով հավաքվել են։ Ցավոք ես առնչվել եմ այս մարդու հետ սեմինարների ժամանակ, երբ սա դեռ պաշտոն չուներ»,-ասել է զինծառայողներից մեկի հայրը։
Այս նյութը դիտել են - 1410 անգամ