Կամաց-կամաց վերջ են տալիս Միշիկի մեդիակայսրությանը.«Հրապարակ»
2022-02-11 02:25:00
«Հրապարակ».Հեռուստատեսային գովազդի դաշտում միշտ մեծ փողեր են պտտվել, հաճախ չհաշվառված` ստվերային եկամուտ ապահովելով ոմանց: Իսկ Հանրային հեռուստաընկերության համար իշխանությունը, որպես իր գրպանի թիվի, միշտ ամենաշահեկան դիրքն է ապահովել: Հանրայինը գումար է ստացել ե՛ւ պետբյուջեից, ե՛ւ գովազդից: Եղել է ժամանակ, երբ բոլոր գործարարներին պարտադրում էին գովազդ տալ Հանրային հեռուստաընկերությանը: Սա անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծել դաշտում գործող հեռուստաընկերությունների համար: 2015 թվականին արդեն՝ «Պանարմենիան մեդիա հոլդինգի» ստեղծումից հետո, Հանրայինն օրենքով զրկվեց գովազդ հեռարձակելու իրավունքից` կառավարությունն ավելացրեց պետբյուջեից ընկերությանը հատկացվող գումարները՝ կոմպենսացնելով գովազդի բացակայությունը:
Սա այն ժամանակ բացատրեցին նրանով, որ Հ1-ի եթերը պետք է հանրային շահերին ծառայի, կրթի հանրությանն ու պետական քաղաքականությունը լուսաբանի, այլ ոչ թե մասնավորի գովազդով զբաղվի: Սակայն իրականում իշխանությունը որոշել էր գովազդը տեղափոխել մասնավոր հեռուստադաշտ եւ կառավարել ֆինանսական հոսքերը գովազդի դաշտում: Գովազդային դաշտը կառավարող ընկերությունը կապվում էր Սերժ Սարգսյանի փեսայի` Միքայել Մինասյանի անվան հետ: Ուստի բնական էր, որ հեղափոխությունից հետո փաշինյանական իշխանությունը 2020-ին վերացրեց Հ1-ի գովազդի արգելքը` համարելով, որ պետբյուջեի հատկացումները բավական չեն հեռուստատեսության «արդի մարտահրավերներին արձագանքելու համար»: Սակայն պետբյուջեից հատկացվող գումարները չնվազեցվեցին: Հիմա Հ1-ը ե՛ւ պետությունից է ահռելի գումարներ ստանում, ե՛ւ գովազդներից: 
Հանրայինը կրկին դարձավ երկու մորից սնվող գառնուկ: Իհարկե, «գառնուկը» որոշակի պարտավորություններ ուներ: Օրինակ, գովազդ ստանալ միմիայն երկրի ղեկավարին մոտ մարդուն պատկանող գովազդային գործակալությունից՝ «սեյլս հաուզից»: «Գլխավոր» գովազդայինի դերում տարբեր իշխանավորների օրոք եղել են տարբեր ընկերություններ՝ «Կայմն» էր, «Սիգմա Թի Վի»-ն: Փոխվում էին նախագահները, փոխվում էր նաեւ Հ1-ի «սեյլս հաուզը»: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին պատկանող գովազդային ընկերությունը հենց այդպես էլ կոչվում էր՝ «Սեյլս հաուզ»: Այն գովազդ է տեղադրում «յուրային» թիվիներում՝ «Արմենիա», «Արմնյուզ», «Երկիր մեդիա» եւ այլն, որոնց հետ ուներ էքսկլյուզիվ համագործակցության պայմանագրեր: Այսինքն` այս թիվիներն իրավունք չունեին որեւէ այլ ընկերությունից գովազդ վերցնել կամ ուղիղ հարաբերվել գովազդատուների հետ: Գովազդը տեղադրողը «Սեյլզ հաուզն» էր, եւ ինքն էր որոշում` ում ինչքան գովազդ տա եւ ինչ գնով: Իսկ գովազդի բաշխման հարցում մի կարեւոր հանգամանք կար` հեռուստալսարանը եւ «Սեյլզ հաուզին» կից նաեւ լսարանի ուսումնասիրություններ էին անցկացվում, հեռուստաընկերությունների վարկանիշներ էին չափվում, որն էլ իրականացնում էր «Ադմոսֆեր Արմենիա»-ն, որը Հայաստանում նման ծառայություն մատուցող միակ ընկերությունն է: 
Փաշինյանի իշխանությունը չէր կարող հանդուրժել, որ հեռուստագովազդը եւ ըստ այդմ` ֆինանսական մեծածավալ միջոցները տնօրինեն Միքայել Մինասյանը եւ նրա հետ կապվող ընկերությունները, ուստի նախ աուդիտ` ստուգումներ են նախաձեռնել, ապա պարզել, որ վարկանիշների չափումներն արդար չեն եղել, եւ որոշել են վերջ տալ այս մեդիակայսրությանը` ստեղծելով սեփական մեդիակայսրությունը` գովազդային նոր միջնորդ եւ վարկանիշների չափման նոր ընկերություն: Այն կոչվում է «Մեդիա հաուզ»: Եվ տնօրենը ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի եղբայրն է՝ Արման Հարությունյանը:
«Ադմոսֆեր Արմենիա»-ն դեռ շարունակում է լինել միակ վարկանիշային ընկերությունը, որի չափումների հիման վրա ձեւավորվում են գովազդի շուկայական գինը եւ բաշխումը: Ենթադրում ենք, որ շուտով այս վիճակը եւս կփոխվի, եւ կհայտնվի «Ադմոսֆերի» իշխանական այլընտրանքը: Հանրային հեռուստաընկերությունն ու «Շանթն» արդեն հրաժարվել են «Ադմոսֆերի» ծառայություններից: 
«Այս երկու ընկերությունները միավորվելով՝ ստեղծել են «Մեդիա հաուզը», որը պետք է ապահովի երկուսի գովազդի համատեղ վաճառքը: Բայց քանի որ այս երկու  ընկերությունների շահերը հաճախ չեն համընկնում, նրանցից յուրաքանչյուրն ունի նաեւ իր ստեղծած գովազդային բաժինը, որը գովազդ է վաճառում «Մեդիա հաուզից» անկախ»,- հայտնում է տեղեկացված աղբյուրը: 
«Մեդիա հաուզը» գովազդ է տեղադրում իշխանական այլ հեռուստաընկերություններում եւս՝ «Նոր Հայաստան», «Շանթ», «Ֆրինյուզ»: Անգամ ընկերության անունն ընդօրինակել են Միքայել Մինասյանի «Սեյլս հաուզին» նմանակելու սկզբունքով: 
Մեր տեղեկությունները ճշտելու մտադրությամբ դիմեցինք «Մեդիա հաուզի» ֆինանսական տնօրեն Արման Հարությունյանին: Մասնավորապես, նրան հարցրինք, թե ինչպես է ստեղծվել «Մեդիա հաուզը», որ թիվիներում է գովազդ տեղադրում, ճի՞շտ է, որ ստեղծվել է ի հակակշիռ «Սեյլս հաուզին»: Նա խոստացավ պատասխանել մեր հարցերին` սպասում ենք: 
ՀԳ. Հետաքրքիր է, թե ինչպես է «Մեդիա հաուզի» «շահառուների» ցուցակում հայտնվել «Շանթը»: Հայտնի է, որ ամիսներ առաջ այս Թի-վիի գործերն այնքան էլ լավ չէին: Աշխատավարձի հետ կապված խնդիրներ կային, մեծ թվով աշխատակիցներ այդ պատճառով հեռացան «Շանթից»: Հեռուստաընկերությունը նույնիսկ դիմել էր կառավարությանը՝ նոր աշխատատեղերի մասով լրացուցիչ աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների գումարները շահութահարկի գումարներից նվազեցնելու խնդրանքով: Իսկ հեռուստատեսային կուլուարներում լուրեր էին տարածվում, թե Միքայել Մինասյանը հանում է «Շանթում» տեղակայված իր կապիտալը: Այսօր ինչ-որ հրաշքով այնտեղ նոր նախագծեր են հայտնվում: Վերադառնում է եթեր «Աշխարհի հայերը» նախագիծը, թափուր աշխատատեղերը լրացնելու հայտարարություններ են տալիս: Մի խոսքով, «Շանթի» գործերը լավացել են: Չի բացառվում, որ նոր  ներդրող կամ նոր հովանավոր է հայտնվել, բայց դա այլ հոդվածի թեմա է:

Այս նյութը դիտել են - 2219 անգամ