Դատախազությունը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի և նրա ընտանիքի անդամների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով
2022-02-08 15:33:00
Ապօրինի գույքի բռնագանձման գործընթացի շրջանակներում 49 անձանց պատկանող գույքի վրա արգելանք դնելու մասին որոշում է կայացվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը ուժի մեջ է մտել 2020 թվականի մայիսի 23-ից եւ «Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործընթացի շրջանակներում քանի հայցադիմում է ներկայացվել դատարան, կա՞ արդյոք կայացված վերջնական դատական ակտ, քանի անձի գույքի վրա է դրվել արգելանք՝ որպես հայցի ապահովման միջոց։
Այսպես, մեր հարցմանն ի պատասխան դատախազությունից տեղեկացրել են, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից ներկայացվել են հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին 16 դիմումներ, որոնց հիման վրա դատարանի կողմից 49 անձանց պատկանող գույքի վրա արգելանք դնելու մասին որոշումներ են կայացվել։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացվել են թվով 4 հայցադիմում, որոնցից 3-ի վերաբերյալ կայացվել են վարույթ ընդունելու մասին որոշումներ, իսկ մեկի վերաբերյալ դատարանը որոշում դեռևս չի կայացրել։ Այս գործերով դատական ակտ դեռեւս գոյություն չունի։
Նշենք, որ ավելի վաղ դատախազությունը հայտնել էր, որ ապօրինի գույքի բռնագանձման շրջանակներում արգելանքներ են դրվել ՀՀ նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի և նրա մերձավորների, ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նրա տիկնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի, Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի և նրան փոխկապակցված անձանց, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի՝ Վաչագան Ղազարյանի՝ «Սերժի Վաչոյի» գույքի վրա։ Դատախազությունն ուսումնասիրում է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանի, նրա դստեր, որդու, պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդու՝ Արման Սահակյանի, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գույքերի օրինականությունը։
Հայտնի է, որ դատախազությունը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի և նրա ընտանիքի անդամների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։
Այս նյութը դիտել են - 1919 անգամ