Հիմնադրամի փողով Հայկակ Արշամյանի համար Դուբայից 45 հազար դոլարանոց մեքենա են գնել. Արա Վարդանյան (տեսանյութ)
2022-01-26 15:35:00
7or.am. «Հայաստան» համահայկական հիմնադրամին 2021 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում փոխանցված գումարներից 52 միլիարդ դրամի ծախսման ուղղությունները բացահայտելու համար Ազգային ժողովում ստեղծված Քննիչ հանձնաժողովին մինչև հիմա Ֆինանսների նախարարությունը չի կարողանում փոխանցել հաշվետվություն, թե ինչպե՞ս է ծախսվել հատուկ հաշվեհամարին փոխանցված 52 միլիարդ դրամը։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման պնդում արեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն, «Հայաստան» դաշինքի անդամ Արա Վարդանյանը՝ հավելելով.
«52 միլիարդ դրամ Հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը՝ առանց Հոգաբարձուների բոլոր անդամներին տեղեկացնելու այդ որոշման մասին՝ դրանով իսկ այդ անդամներին զրկելով կարծիք հայտնելու հնարավորությունից, հետևաբար՝ ի սկզբանե այդ որոշումն անօրինական է։ Անօրինականությունները, սակայն, դրանով չեն ավարտվում, հիմա Կառավարությունը Հիմնադրամին հանձնել է թվային սխալներով հաշվետվություններ, որոնք ցույց չեն տալիս, թե Հիմնադրամից հատկացված փողն ինչի վրա է ծախսվել։ Այդ անգամ սխալ թվերով հաշվետվության մեջ ցույց չի տրված անգամ կապը՝ Հիմնադրամի գումարների և Կառավարության արած ծախսերի միջև»,-ասաց Արա Վարդանյանը։
Նրա խոսքով՝ այս թվային անհամապատասխանությունների ֆոնին տարօրինակ է, որ հրաժարական է տալիս Հաշվեքննիչ պալատի արդեն նախկին նախագահ Լևոն Յոլյանը, որովհետև նրա ղեկավարած կառույցն արդեն իսկ ուսումնասիրություններ է սկսել Ֆինանսների նախարարությունում՝ բացահայտելու համար Հիմնադրամից փոխանցված 52 միլիարդ դրամի ծախսման ուղղությունները։
«Չեմ բացառում, որ հիմա պետք է մի յուրայինի բերեն այդ պաշտոնին նստեցնեն, որը կթաքցնի «Հայաստան» համահայկական հիմնադրամից, ըստ իս, գողացված 52 միլիարդ դրամը»,-ասաց Արա Վարդանյանը՝ նշելով, որ ինչպես այս անորոշությունները, այնպես էլ Հիմնադրամի ներկայիս տնօրեն Հայկակ Արշամյանի գործունեությունը բացասաբար է ազդում Հիմնադրամի վարկանիշի վրա։
«Իմացա, որ Հիմնադրամի գործադիր տնօրենն իրեն սպասարկելու համար Դուբայից գնել է «Տոյոտա Պրադո» մեքենա, որի արժեքը եղել է 45 հազար դոլար, և դա այն դեպքում, երբ Հիմնադրամի տնօրենի համար 2017 թվականին էր գնվել ծառայողական մեքենա»,-ասաց Վարդանյանը։
Այս նյութը դիտել են - 3447 անգամ