«Հրապարակ». Նիկոլ, «լավով» եմ ասում` փողերս տուր. դեմը Նոր տարի է
2021-12-23 13:08:00
Ճիշտն ասած` արդեն մոռացել էի, որ Նիկոլ Փաշինյանն ու Վալերիյ Օսիպյանն ինձ 400 հազար դրամ են պարտք: Հիշեցնեմ, որ հեղափոխության օրերին համարները հանած մի Opel, որ փորձում էր ճանապարհ փակել Խանջյան-Տիգրան Մեծի խաչմերուկում, հարվածեց իմ մեքենային և փախավ դեպքի վայրից: Դա այս կարգի միակ դեպքը չէր և թավշյա հեղափոխության առաջնորդն ու նրա ոստիկանական կցորդը խոստացան, որ ԱՊՊԱ-ների հաշվին կվերանորոգեն հեղափոխության պատճառով քաղաքացիների վնասված ավտոմեքենաները: Խոստացան ու «քցեցին»: ԱՊՊԱ-ները հրաժարվեցին վճարել` պատճառաբանելով, որ իրենց չեն կանչել դեպքի վայր և ապա` վթարի մեղավորների մեքենաները նույնականացված չեն, եղել են առանց պետհամարանիշերի: Մի խոսքով մեքենայիս նորոգման ծախսը` 400 հազար դրամ, ես գրեցի Նիկոլի և Օսիպյանի վրա:
Ինչպես գիտեք, Օսիպյանը թռած է, իսկ Նիկոլը պատերազմից հետո այնպիսի ք..ի մեջ էր, որ նրանից 400 հազար ուզելը անխղճություն կլիներ: Եվ ես արդեն մոռացել էի այդ փողի մասին, բայց քիչ առաջ իմացա, որ որ Նիկոլի վիճակն այնքան էլ վատ չէ: ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել փողով կորոնավիրուսի թեստ հանձնելու պարտադրանքը, մինչդեռ այս ընթացքում ես արդեն 95-100 հազարի թեստ եմ հանձնել: Այդպիսով` ընդհանուր պարտքը հասել է 500 հազարի, որից 200 հազարը Օսիպյանի պարտքն է և այլևս հույս չունեմ, որ կտա, իսկ 300 հազարը` Նիկոլինը:
Հ.Գ. Նիկոլ, «լավով» եմ ասում` փողերս տուր: Դեմը Նոր տարի է, լիքը կոմունալ կա մուծելու էլ չեմ խոսում նոր տիպի ոստիկանության հին տիպի ակտերի մասին, որ իրար հետևից գալիս են` ապահովելով օրենքի պահապանների 13-րդ աշխատավարձերը:
Հ.Գ.1 Առողջապահության նախարարը պետք է հրաժարական տա:

Էդիկ Անդրեասյան

Այս նյութը դիտել են - 4151 անգամ